Սույն թվականի հոկտեմբերի 28-30 –ը Երևանում, «Իրան և Կովկաս» միջազգային գիտական հանդեսի 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ «Զազա ժողովուրդը. պատմություն, լեզու, մշակույթ, ինքնութուն» խորագրով միջազգային գիտաժողովը` նվիրված ծագումով հայ, գերմանացի նշանավոր արևելագետ Կարլ Ֆրիդրիխ Անդրեասի (Բագրատունի) (1846-1930) 155-ամյակին: Երևան էին ժամանել շուրջ 30 գիտնականներ Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և այլն: Գիտաժողովի սկզբում իրենց խոսքով հանդես եկան Վիկտորիա Առաքելովան, «Իրան եւ Կովկաս» հանդեսի գլխավոր խմբագիր, կազմակերպող կոմիտեի նախագահ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, դոկտ., պրոֆ. Գառնիկ Ասատրյանը, դոկտ. Արա Պապյանը («Մոդուս Վիվենդի» կոնտրոնի նախագահ) «Ակադեմիական հավաքները որպես ազդու միջոց ժողովրդական դիվանագիտության մեջ» թեմայով, ապա դոկտ., պրոֆ. Ուվե Բլեզինը (Լեյդընի համալսարան) « «Իրան և Կովկաս» ամսագրի դերը և իրանական էթնիկական խմբերի ուսումնասիրությունը տարածաշրջանում» թեմաներով: Գիտական, պատմական, հասարակական եւ կրոնական կարևոր հարցեր քննարկեցին Վիկտորիա Առաքելովան (Հայաստան) «Ալևիները, շիաների ընդհատակը», Տիգրան Սարուխանյանը (Հայաստան) «Կառլ Ֆրիդրիխ Անդրեասը», «Զազայագիտություն», Հարրի Թրոմֆը(Ավստրալիա) «Մերձավոր Արևելքում կրոնաէթնիկական փոքրամասնությունների անդրադարձներ» ;, ամերիկացի երիտասարդ գիտնական Քրիս Քրաթիենը «Կոզան, Զեյթուն, Դերսիմ. վերաբնակեցում, էթնիկ կազմ և Օսմանյան պետության սահմանները», ռուս գիտնական Վիկտոր Նադեին-Ռայևսկին «Զազա ժողովուրդը Թուրքիայում, ինքնության հարցը», Վիկտորիա Առաքելովան և Քրիստինե Գրիգորյանը(Հայաստան) «Հալվորի վանքը. hայկական եկեղեցին և զազաների սրբավայրը» թեմաներով: Հանդես եկավ նաև Նադիրի Կունդաշ Ալդատմազը, ով թուրքերենով ներկայացրեց Դերսիմի շրջանի հավատամքների համակարգը եւ բազմաթիվ կրոնական եւ ազգագրական սովորություններ, որոնք կապված են Դերսիմի հնագույն ժողովուրդների, քրիստոնեության եւ մանավանդ հայության հետ: Գիտաժողովի ընթացում իրենց աշխատություններով հանդես եկան նաև Իբերհարդ Վերները (Գերմանիա), Նոդար Սուսակին (Ռուսաստան), Սերդար Յիլդիրիմը(Թուրքիա), Մունզուր Ջեսը (Գերմանիա), Ջեյհան Սուվարին եւ Իլիֆ Քանդան (Վանի համալսարան), Ջոննի Չոնգը(Նիդերլանդներ), Վարդան Ոսկանյանը(Հայաստան), Մեսուտ Կեսկինը (Գերմանիա), Ադրիանո Ռոսսին (Իտալիա), Բիլալ Զիլանը, Լորին Դեմիրելը, Նեզվաթ Անուկը (Թուրքիա) և ալյք: Հատուկ կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկան Գերմանիայից ժամանած նշանավոր երաժիշտ Ջեմիլ Քոչվիրին և Շիրակ Շահրիկյանը (Հայաստան):
Կոնֆերանսին ներկա էին նաև ԵՊՀ արևելագիտության ֆակոււլտետի իրանագիտության ամբիոնի մի խումբ ուսանողներ, ովքեր մեծ հետաքրքրությամբ հետևում էին ներկայցվող թեմաներին,ինչպես նաև ծանոթանում հյուրերի հետ:Կարևորելով զազայագիտությունը որպես առանցքային թեմա տարածաշրջանի համար, նրանք մեծ հետաքրքրվածությամբ հետևում էին անդամներից յուրաքանչյուրի մեկնաբանությանը կամ փաստերին: Նրանցից Մամե Ամիրյանը, կիսվելով իր տպավորություններով, ասաց. «Գիտաժողովի ժամանակ ծանոթացա մի քանի գիտանականների հետ, իսկ մեկի հետ անգամ ընկերացա, որը ազգությամբ քուրդ էր, անունը` Սերդար: Գիտաժողովի երկրորդ օրը ես, Սերդարը և մի զազա աղջիկ գնացինք Վերնիշաժ` հուշանվերներ գնելու: Գիտաժողովի ժամանակ ես հանդիպեցի նաև մեր` եզդիներիս հոգևոր առաջնորդ Շեյխ Տաիրին, որը եզդերենով ողջունեց գիտաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին»: Իսկ Անի Հովակիմյանի տպավորությունը հետևյալն էր.«Կոնֆերանսը կազմակերպված էր բարձր մակարդակով: Երևում էր,որ արտերկրից ժամանած բոլոր հյուրերը և իհարկե Իրանագիտության ամբիոնի դոկտոր-պրոֆեսորների կազմը կոնֆերանսին պատրաստվել էին ուժերի գերագույն լարումով: Բավականին անմիջական մթնոլորտ էր ձևավորվել կոնֆերանսի մասնակիցների և լսողների միջև: Կոնֆերանը բավականին ուսուցողական էր,և ըստ իս, շատ կարևոր նվաճում`զազաներին որպես առանձին ժողովուրդ ճանաչելու հարցում: Ինձ վրա հատկապես մեծ տպավորություն գործեց Վիկտր Ռաևսկին, նրա հետ զրույցի ժամանակ նա մի քանի հետաքրքիր փաստեր ևս պատմեց, և բացի այդ նաև հնարաորություն եղավ խոսել Արցախյան հարցի մասին,որին նա բավականին հետաքրքիր մեկնաբանություններ տվեց:Շնորհակալություն կազմակերպիչներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք չէին խնայել կոնֆերանսի կայացման համար»: Երվանդ Աբրահամյանը և Հրաչ Մխիթարյանը ևս տպավորված էին.«Հուսով ենք, որ նմանատիպ գիտական հանդիպումները կկրեն շարունակական բնույթ,և մենք էլ` ուսանողներս, ներկա կգտնվենք դրանց ու կզարգացնենք մեր գիտելիքները»: Երվանդը հավելեց. «Ինձ ավելի շատ ոգևորել էր այն, որ նյութերը հիմնականում անգլերեն էին: Ոգևորիչ էր նաև կոնֆերանսին մասնակից գիտնականների հետ անհատական շփումը:Նրանց հետ մենք զրուցում էինք ոչ միայն զազա ժողովրդի մասին,այլև նրանց կյանքի, գիտական այլ աշխատանքների, Հաաստանից ստացած իրենց տպավորությունների մասին:Նրանցից ոմանք մեզ տվեցին իրենց ինտերնետային հասցեները,դա ոգեորիչ է» :
Բոլորս տպավորված էինք` Հայաստանում իր թեմատիկայով եզակի միջազգային կոնֆերանսից, և հպարտ, որ մեր ամբիոնի աշխատակիցների ջանքերով այս եռօրյա միջոցառումը իրական դարձավ:Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ինչպես նաև ARMACAD-ին, որը մեզ համար ինֆորմացիայի աղբյուր է հանդիսանում: Մաղթում ենք ստեղծագործական և աշխատանքային նորանոր հաջողություններ:
Home » Ուսումնական » «Զազա ժողովուրդը. պատմություն, լեզու, մշակույթ, ինքնութուն» խորագրով միջազգային գիտաժողով

