
2000-ական թվականներին Եգիպտոսն ապրում էր նախագահական կենտրոնացված պետության պայմաններում, երկրում ղեկավար դիրքեր ուներ «ամենակարող» «Ազգային Դեմոկրատական Կուսակցությունը», իրավապահ համակարգը ահ ու սարսափ էր տարածում աշխարհիկ, հակաիսլամիստական իշխանության դեմ ցանկացած բողոքի արտահայտման դեպքում:
Պարարտ հողի վրա ի հայտ եկող գաղափարները պետք է սպառեն իրենց, այդպես եղավ Նասրի ժամանակ, մինչև վեցօրյա պատերազմը երկիրը միավորող արաբական սոցիալիզմը մեծ արդյունքեր տվեց, սպառվելուց հետո եկավ Սադաթի իֆթիթահը, այն սկսեց ճեղքեր տալ սկսած այն օրվանից, երբ նախագահը անակնկալ այցով մեկնեց Իսրայել և նույնիսկ ելույթ ունեցավ Կնեսսետում: Եգիպտոսում սովորություն դարձավ, որ ամեն նախագահ իր հետ պետք է նոր գաղափար բերի, քաղաքական բոլորովին նոր կուրս ունենա, ինչը չուներ Սադաթին փոխարինած Մուբարաքը: Երկրում հաստատվեց աշխարհիկ, բանակի հեղինակության հիման վրա հաստատված հակաիսլամիստական կենտրոնաձիգ իշխանություն:
Երկրում տնտեսական ցուցանիշների բարելավմանը զուգահեռ աճեց բնակչության թիվը, ընդամենը երեք տասնամյակի ընթացքում այն գրեթե կրկնապատկվեց, ինչը բերեց աղքատության աճի, ավելացավ բարձրագույն կրթություն ստացած երիտասարդների թիվը, ովքեր որպես կանոն գործազուրկ էին: Բողոքողների թիվն աճեց: Միաժամանակ ի հայտ եկան ինքնառեալիզացման նորանոր հնարավորություններ, սոցիալական ցանցերը, ինտեգրացիոն այլ գործիքները բացեցին աշխարհը եգիպտացիների համար:
Եգիպտոսը միավորող աշխարհիկ գաղափարները սպառված են, բողոքողները հալածված, իսկ հալածված բողոքող մուսուլմանը ելքը գտնում է աղոթքներում: Երկրում այսօր միայն մի գաղափար կա, որն ընդունակ է ապահովել Եգիպտոսի վերականգնումը, երկրի զարգացումն ու հետագա բարգավաճումը հնարավոր է միայն քաղաքական իսլամի պարագայում: Հաշվի առնելով, որ կրոնն այս դեպքում նաև ապրելակերպ է, քաղաքական իսլամը միակ բանաձևն է, որի շրջանակներում հնարավոր է լուծել անլուծելի թվացող ներքին և արտաքին խնդիրները: Սակայն այստեղ նոր խնդիր է առաջանում, թուրքական մոդելը կարող է օգտագործվել որպես փորձ, բայց ոչ որպես կրկնօրինակման առարկա, արաբական քաղաքական իսլամը նոր պետք է ձևավորվի, և այն ձևավորվելու է Եգիպտոսում: Իսկ ինչպիսին այն կարող է լինել, եթե ընդամենը մի քանի տարի առաջ իսլամիստների ծայրահեղական գաղափարները սարսափեցնում էին աշխարհին: Իսլամիստների տրանսֆորմացիան, որ նկատվում է վերջին տարիներին, ակնհայտ փաստ է, նրանց աշխարհիկացման միտումները կասկածի տեղիք չեն տալիս, սակայն ուր կգնա այս գործընթացը, որքան կաշխարհիկական նրանք, դժվար է ասել: Միաժամանակ խորհրդարանի ստորին պալատի վերջին ընտրություններում զգալի հաջողությունների հասած պահպանողական սալաֆիական «ան-Նուր» կուսակցության ֆոնի վրա Մուսուլման Եղբայրների «Արդարություն և Զարգացում»-ը ստանում է չափազանց մեղմ իսլամի, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուժի կարգավիճակ:
Պառլամենտական ընտրություններից հետո ձևավորվող նոր Եգիպտոսն ապրելու է քաղաքական իսլամի պայմաններում, որը դեռ ձևավորման փուլում է: Մեկուսացման քաղաքականություն վարելը Եգիպտոսի համար կործանարար կլինի, պետք է ադապտացվել արտաքին պահանջներին: Միաժամանակ սոցցանցերի առկայության պայմաններում խախտվում է ժողովուրդ-իշխանություն հարաբերությունների նախկին պատկերացումը, սոցցանցերով բողոքելը դառնում է ազգային սպորտաձև, բողոքը որպես կանոն կոնկրետ խնդրի շուրջ է բարձրացվում, սակայն դրանց քանակն ու արագությունը այնքան մեծ է, որ լուծում տվող մարմինները չեն հասցնում բողոքների ետևից, արդյունքում խախտվում է ժամանակային համաչափությունը բողոք-լուծում տիրույթում: Խնդիրը վերաբերում է ողջ աշխարհին, Հայաստանում կարելի է տեսնել, թե ինչպես մի խումբ բնապահպաններ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կարողացան այնպիսի աղմուկ բարձրացնել, որ նրանց պահանջը բավարարեց անձամբ վարչապետը: Պատճառն այն է, որ լուծում տվող մարմինները չեն հասցնում բողոք և պահանջ բարձրացողների արագությանը: Ամբողջ աշխարհում այս խնդիրը կա, յուրաքանչյուր երկիր իր մշակութային զինանոցից վերհանելու է այս խնդիրը լուծելու համար ադապտացիոն անհրաժեշտ մեխանիզմներ, իսկ ինչ է անելու արևելքը?:
Արաբական մշակութային հիմնասյուներից մեկը նախաիսլամական խաբարներն են,կարճ տեքստեր, որոնցով առանց ժամանակի և տարածության պարզաբանման որևէ կոնկրետ տեղեկատվություն է փոխանցվում: Խաբարային մտածելակերպը գործում է, այն ադապտացված է իսլամին և կազմում է արաբ մուսուլմանի մտածելակերպի հիմնասյուներից մեկը, խաբարները մի փոքր նման են sms –ներին, որոնցով մարդիկ միմյանց տեղեկատվություն էին փոխանցում դարեր առաջ, խաբարային մտածելակերպը կտա այն մեխանիզմը, որով Եգիպտոսը և արաբական մյուս երկրները կկարողանան հաղթահարել սոցցանցերի կողմից ի հայտ եկող ժամանակային արագության խնդիրները: Խաբարը կարող է կիրառվել անընդհանտ, ամեն տեղ, պաշտոնական փաստաթղթերից մինչև հումորային պատմություններ, այն կտա այդքան անհրաժեշտ արագ արձագանքը սոցցանցերում ի հայտ եկող բողոքներին, խաբարային տեքստի ժամանակակից դարձնելը արաբական երկրներին կարող է դարձնել միակը աշխարհում, որտեղ իշխանությունները և նախաձեռնողական խմբերը միմյանց հետ հակասություններ պարզապես չեն ունենա…

