Վերջերս խիստ սրվել են ռուս իրանական
հարաբերությունները: Իրանում կարծես գնալով ավելի և ավելի է նվազում
վստահությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ Իրանի դժգոհության հիմնական պատճառը Բուշեհրում կառուցվող ատոմակայանի ավարտման ժամկետների հերթական հետաձգումն է: Հարկ է նշել, որ Իրանը ատոմակայանի կառուցման պայմանագիր է կնքել «Ռոսատոմստրոյ» կազմակերպության հետ 15 տարի առաջ, ընդ որում` նախքան այդ Բուշեհրի ատոմակայանում աշխատանքներ էին տարել նաև գերմանացիները: Այս վերջին հանգամանքը թե՜ Իրանը և թե՜ Ռուսաստանը օգտագործում են իրենց օգտին: Իրանական կողմը պնդում է, որ դա պետք է հեշտացներ և հետևաբար` արագացներ, ատոմակայանի կառուցումը, իսկ ռուսական կողմն էլ իր հերթին փորձում է ապացուցել, որ նախքան աշխատանքներ սկսելը անհրաժեշտ էր քանդել գերմանացիների կառուցածը, ինչը ավելի է երկարացնում աշխատանքը:
Ատոմակայանի ավարտման ժամկետի վերջին երկարացման շուրջ աղմուկ բարձրացավ անցած տարվա վերջում, երբ ռուսական կողմը հայտարարեց, որ տեխնիկական պատճառներով չի կարողանա ավարտել ատոմակայանը նաև 2010 թվականին, սակայն 2010 թ. հունվարին ռուսական իշխանությունները հայտարարեցին, որ ատոմակայանը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա առաջին կեսին:
Այդուհանդերձ, ռուսական կողմի այդ քայլը այնքան էլ չմեղմեց Ռուսաստանի հանդեպ Իրանում տիրող դժգոհությունը, որովհետև Ռուսաստանը կարծես Իրանի հանդեպ կիրառում է կարկանդակի և մտրակի մեթոդը. մի կողմից խոստանում է ավարտել ատոմակայանը, իսկ մյուս կողմից էլ հայտարարում, որ Իրանը սխալ է կատարում` հրաժարվելով Մեծ յոթնյակի վերջին առաջարկությոունից, ըստ որի Իրանից կիսահարստացված ուրանը պետք է տեղափոխվեր Ֆրանսիա և ՌԴ հարստացվելու և ապա հետ ուղարկվելու համար: Հիշեցնեմ, որ Իրանը այդ առաջարկությանը ուղղակիորեն չէր պատասխանել, սակայն նախագահ Ահմադի Նեժադը դեկտեմբերին հայտարարել էր, որ Իրանում կկառուցվեն ուրանի ևս քսան հարստացման կենտրոններ: Ինչևէ, միանգամայն ակնհայտ է, որ Իրանի ատոմակայանի կառուցումը զորեղ լծակ է դարձել Ռուսաստանի ձեռքում, և մնում է հուսալ, որ հայկական ատոմակայանը նմանատիպ ճակատագրի չի արժանա, և մենք էլ չենք հայտնվի էլ ավելի կախյալ վիճակում:


Աննա, շատ ողուջնելի է, որ այսօրինակ հետաքրքիր և Հայաստանի համար կարևոր թեմաներ եք արծարծում, քանի որ Ռուսաստանը տարածաշրջանի հիմնական դերակատարներից մեկն է, իսկ Իրանն աշխարհաքաղաքական կարևոր դիրք և դեր ունի այստեղ: Սակայն խոսելով ռուս-իրանական հարաբերությունների վատացման վերաբերյալ, Դուք չեք նշում, թե որոնք են այդ հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառները , ինչու հանկարծ Ռուսաստանը որոշեց դանդաղեցնել ատոմակայանի կառուցումը: Չեք նշել քաղաքական պատճառների մասին, որոնց գնահատականը ներկայացնելը շահեկանորեն կօգներ թեմայից անտեղյակ մարդկանց ավելի լավ հասկանալու բարձրացված խնդրի բուն էությունը:
Այդուհանդերձ, սկիզբը լավն է, շարունակեք նույն խանդավառությամբ: ՄԱԼԱԴԵՑ
Շատ շնորհակալություն, Արայիկ: Շատ ճիշտ եք նշել` նյութի մեջ տեղեկությունները իրոք սահմանափակ են, և կան նաև բազմաթիվ բացթողումներ: Պարզապես ծավալի խնդիր կա: Կարծում եմ` ուսանողների մեծ մասը պարզապես չի կարդա երեք էջանոց նյութեր: Դրա համար էլ փորձել էի հնարավորինս հակիրճ գրել: Փորձը ցույց է տալիս, որ մարդկանց մեծ մասը բլոգում մի կամ առավելագույնը երկու էջանոց նյութեր են նախընտրում կարդալ: Հետագայում ավելի մանրամասն կանդրադառնամ Իրանի ժամանակակից քաղաքական իրավիճակին: