Գիտե՞ք երբ առաջին անգամ փորձ կատարվեց մեր ֆակուլտետի ուսումնական ծրագրերին փոքր-ինչ արևելագիտական երանգ հաղորդել։ 23 տարի առաջ էր։ 1987 թվականը։ Ես ֆակուլտետի գիտքարտուղարն էի։ 29 տարեկան էի՝ այն ժամանակների համար արտառոծության աստիճանի հասնող երիտասարդ։ Մեր դեկանն ու ամբիոնի վարիչը Մերի Քոչարն էր, ով ինքն էր այն ժամանակների համար արտառոծության աստիճանի հասնող առաջադեմ ու բաց։ Ոգևորություն էր՝ փորձում էինք քիչ թե շատ արդիականացնել ուսումնական պլանը։ Փորձ կատարվեց ներարկել առարկաներ, որոնց անվանման մեջ կար, օրինակ, Ղուրան բառը։ Ու սկսվեց… Ռեկտորատի նիստ էր, կարծեմ։ Մերին (ինչպես և բոլոր աշակերտները, այդպես էինք իրեն մեր մեջ անվանում) ինձ տարավ իր հետ՝ բոլոր թղթերով և հաշվարկներով, որ տեղն եկած ժամանակ անհրաժեշտ տվյալը գտնեմ ու հուշեմ։ Ես նստած էի իր կողքին՝ մի փոքր հետ, որ չհայտնվեմ ուշադրության կենտրոնում, ու չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Թվում էր թե դա ինկվիզիցիայի դատարանն է, Մերիին էլ մեղադրում են ինչ-որ անհասկանալի մեղքերի համար։ Ոտքի ելավ բանասիրականի այն տարիների դեկանը (նա չկա այլևս՝ անունը չեմ ուզում տալ), բայց այն, ինչ նա բացականչեց, ուղղակի ցնցող էր՝ “Ղուրա՜ն, Իսլա՜մ՝ և դա ասում է Հրաչյա Քոչարի դուստրը՝ ամո՜թ, ամո՜թ”։ Ինչ-որ բան շարժել աչնուամենայնիվ այն ժամանակ արդեն հաջողվեց։ Սակայն “ազգային ոգու” այդօրինակ ընկալման ջատագովներն ուժեղ էին՝ շատ էին և ուժեղ։ Անցան տարիներ, ես ամբիոնի վարիչ էի արդեն, և փորձեցինք հերթական քայլը անել՝ Սոնա Տոնիկյանի հետ, ով հիմա արդեն ամբիոնի վարիչ է՝ իմ հպարտության աղբյուրն է սա։ Փորձն այն էր, որ հայագիտական բաղադրիչը ուսումնական պլանի հասկանանք ոչ թե որպես հայ գրականության պատմության հերթական որերորդ վերաշարադրում, այլ մոտեցնենք մասնագիտական պատրաստման խնդիրներին՝ մատուցելով հատուկ դասընթացների տեսքով, որոնք կվերաբերեին հայ-արաբական առնչությունների այս կամ այն կողմին։ Այս անգամ ինկվիզիցիայի թիրախը ես էի, բայց բոցաշունչ լուտանքներին (նրանք արդեն զգալիորեն թուլացել էին) եկան փոխարինելու նոր ժամանակների ոգուն համապատասխանող “շուկայական” փաստարկներ։ Բանասիրականի արդեն մեկ այլ մի դեկան (անգամ իրենց մոտ դրանք երբեմն փոխվում են, ընդ որում ոչ միայն “բնական պատճառներով” իմ այն դիտարկմանը, որ մենք (արաբագետներս) կարիք ունենք ոչ թե հայ գրականության ընդհանուր դասընթացի, այլ հայագիտությանն առնչվող հատուկ մասնագիտական կուրսերի՝ օրինակ, “Հայ-արաբական լեզվական առնչություններ”, “Հայ-արաբական պատմամշակութային առնչություններ” և այլն, որոնք էլ մենք կուզենայինք պատվիրել ձեր համապատասխան ամբիոններին, նա պատասխանեց՝ չկա այդպիսի բան՝ կա հայ գրականություն ու վե՛րջ։ Ու շարունակեց՝ դու որ գալիս ես շուկա դեղձ առնելու, դեղձ ես առնում։ Իմ փորձերը համոզելու, որ ես առնում եմ դեղձի իմ ուզած տեսակը, տեղ չհասան։ Արդյունքում ռեկտորատում բողոք ստացվեց հայ բարձրաստիճան բանասերների կողմից ՝ բողոքում էին ինձանից։ Ինձ կանչեցին, ցույց տվեցին բողոքը, կարդացի այն և գրավոր էլ պատասխանեցի. իմ պատասխանում՝ ի շարս այլ փաստարկների, առաջարկել էի նաև համեմատել բողոքի (նրանց) և բողոքի պատասխանի (իմ) տեքստերի լեզուն և ոճը։ Հարցը փակվեց, հասանք նրան, որ անորոշ վերտառությամբ հայ գրականություն առարկայի փոխարեն, որի շրջանակներում մեր ուսանողներին հերթական անգամ սերտել էին տալիս, օրինակ, ”Անուշ” պոեմի վերաբերյալ դասագրքային տեսակետները, մենք ունեցանք մի շարք հատուկ դասընթացներ, որոնք առնչվում էին արաբագիտության հայագիտական ասպեկտներին։
Անցան տարիներ, և անցած ուրբաթ օրը հանկարծ պարզվեց, որ մեր (!!!) ֆակուլտետի դեկանը կարգադրում է արդեն պատրաստ ուսումնական պլաններում մասնագիտական առարկաների հաշվին փոփոխություն կատարել՝ ներառելով… ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ։ Իհարկե կռահեցիք՝ այդ նույն անորոշ վերտառությամբ “Հայ գրականություն” առարկան։
Զարմանալին այն է, որ այդ արդկանց ձայնը իրենց գավառական անկյունից չի լսվում, երբ հանրությունը իր բողոքն է արտահայտում հանրակրթական դպրոցներում հայերենի ուսուցման մակարդակի կամ ռուսալեզու դպրոցները վերակենդանացնելու վերաբերյալ։ Ավելին՝ բանասիրականի դեկանն ուղիղ կերպով ասում է՝ բա ինչ անեմ, հո ցույց չեմ անելու։ Այսինքն՝ ինչու՞ է զարմանալի՝ վայ-հայրենասիրության տրամաբանությունն է՝ այնտեղ շահ չկա խոսելու, անգամ վտանգավոր է՝ չէ՞ որ նախաձեռնությունը նախարարինն է, իսկ այստեղ ակնհայտ շահ կա՝ լրացուցիչ առարկա, և ուրեմն, ժամեր, դրույքներ և, որն ամենակարևորն է, իհարկե՝ քննություննե՜ր, քննություննե՜ր։
Իսկ հիմա ամենագլխավորը՝ կարո՞ղ եք գուշակել, թե ինչու՞ նախանձելի համառությամբ հնգամյակը մեկ այսպիսի հարց է առաջանում։ Եթե դեռ չեք կռահել՝ հուշեմ։ Երկու տողից է բաղկացած ընդամենը մեր ֆակուլտետի դեկանի կրթական տեսլականը արևելագիտության բնագավառում, որը նա հնչեցրել է պաշտոնապես՝ 2004 թ. իր նախընտրական ելույթում՝ (ա) ռազմահայրենասիրական դաստիարակություն և (բ) ուսումնական պլանում արևելագիտական առարկաների կրճատում (!!!)։ Արժանին մատուցենք նրան՝ նա հետևողականորեն իրագործում է իր, “յուրօրինակ կրթական ռազմավարությունը”։
Եվ վերջում՝ 35 տարի է, ինչ ժամանակ առ ժամանակ մեր միջանցքի տարբեր անկյուններից հնչում է հայտնի՝ “ով քնած է՝ արթուն կենա” դրամատիկ բացականչությունը, որն արդեն ձայնային ազդանշան է լոկ։ Ավա՜ղ, այդ ըմպանից ձայն չի ելնում, երբ պետք է լինում պաշտպանել ֆակուլտետի, մասնագիտական կրթության և իրական ազգային շահերը՝ հայալեզու դպրոցը, մասնավորապես։ Սա, ըստ երևույթին, “անվնաս”, կամ “բացականչական”, կամ “թույլատրելի” հայրենասիրության մի տեսակ է, որի հիմքում ընկած է ստորացուցիչ հնազանդությունը վերադասին և սանձարձակ կամայականությունները ստորադասների նկատմամբ։
Եվ ամենավերջում՝ մեր “ինկվիզիցիայի” թիրախը հիմա Սոնան է (թույլ տամ ինձ այդպես անվանել)։ Թող սակայն որևէ մեկը մեր “գրպանային հայրենասերներից” չմտածի հանկարծ, որ հաջողության կհասնի։ Սա մեր ընդհանուր գործն է, և նա մենակ չէ։ Ես ի՛ր կողքին եմ, ինչպես 23 տարի առաջ Մերիի կողքին էի։ Իսկ դու՞ք, երեկվա և այսօրվա ուսանողներ։


Պարոն Կարաբեկյան,պարզապես խելագարվել կարելի է,,,, ինչու՞ …
ե՞րբ են վերջապես հասկանալու, թե ինչ է պետք ուսանողներին(եթե իհարկե այս ողջ ճշմարտությունը գիտակցելով չեն իրենց էշը առաջ քշում)… գիտեք քանի անգամ ենք անցել , ինչպես արդեն նշել եք Անուշի գրքային տարբերակը, կամ էլ Ավարայրի ԲԱՐՈՅԱԿԱՆ հաղթանակի մասին պատմող նույն դատարկաբանությունը,,,
Արաբագետին արաբագիտություն է պետք, և ոչ թե…
Ընկեր Տոնիկյան մենք ձեր կողքին ենք…
Անչափ շնորհակալ եմ պարոն Կարաբեկյան այս հարցի բարձրացման համար: Թույլ տվեք այս հարցի վերաբերյալ արտահայտել նաև իմ կարծիքը: Երբ դեռ նոր էի ընդունվել համալսարան և առաջին անգամ նայեցի դասատախտակին բավականին զարմացել էի` տեսնելով առարկաների անուններ, որոնք բավականին հեռու էին արևելագիտության սահմաններից: Իմ խիստ սուբյեկտիվ կարծիքով համալսարանը հանրակրթական դպրոց չի, և կարիք չկա ոչ մասնագիտական ֆակուլտետներում ուսումնասիրել առանձին դասընթացներով հայեց լեզու, հայոց պատմության և այլ նմանատիպ առարկաներ: կարծում եմ, որ ուսանողը դպրոցում 10 տարի ժամանակ ուներ այս դիսցիպլինները բավականին խորությամբ ուսումնասիրելու համար, բացի այս մի հանգամանք էլ կցանկանայի նշել. համալսարան ընդունված ուսանողը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների և այն մարդը ով տարրական գիտելիքներ չունի իրավունք չունի ոտք դնել համալսարան: Սակայն շատերը նշում են, թե այս առարկաների ուսումնասիրությունը համալսարանում բխում է հայաստանյան կրթական համակարգի հայացեկետերից և ինձ էլ մեղադրում են անհայրենասեր լինելու մեջ:
Ինչ վերաբերում է հայ արաբական լեզվական առնչություններ դասընթացին, ապա պետք է նշել, որ այստեղ էլ լուրջ խնդիրներ կան: Անցյալ տարի ես մի կիսամյակ մասնակցել եմ այս դասընթացին և ուզում եմ նշել, որ լուրջ խնդիրներ ունեցա դասախոսի հետ` դասավանդման մեթոդի վերաբերյալ առանցքային հակադիր կարծիք ունենալու պատճառով: Դասախոսը ընդհանուր առմամբ անտեղյակ էր իր առարկայից և հաճախ տալիս էր առաջադրանքներ, որոնք դուրս էին գալիս առողջ տրամաբանության և բանականության սահմաններից: Կարծում եմ, որ սա էլ է լուրջ հարց, որին ամբիոնում պետք է ուշադրություն դարձվի:
Շնորհակալություն, որ արձագանքեցիք։ Փորձեմ համառոտ պատասխանել ձեզ, Նառա և Մարիետա։ Չե՛ն հասկանալու, քանի դեռ ուսանողների շրջանում չի ձևավորվել ընդհանուր շահի գիտակցում, քանի դեռ ձեր պես ակտիվ ուսանողների ձայնը որոշիչ չի, քանի դեռ կազմակերպված չեք, իսկ ուսանողների իրական կրթական շահերը “ներկայացնում են” բյուրոկրատացված և քաղաքականացված ուսանողական խորհուրդները, որոնք իրականում ընտրվում են ոչ թե ուսանողների կողմից, այլ համաձայնեցումների արդյունքում, ուստի և որևէ խթան չունեն ներկայացնելու ուսանողների իրական շահերը։
Ինչ վերաբերում է այդ հատուկ կուրսերին, այստեղ կա ընդհանուր մի խնդիր։ Նախ, բանն էլ հենց այն է, որ մեր հայրենի հայագետները իրենց ստանդարտ ավանդական խնդրացանկից այն կողմ ոչինչ չեն տեսնում՝ այն, ըստ էության, 19 դարից այս կողմ չի փոխվել։ Փորձ էլ չի կատարվում անգամ նույն այդ խնդիրները դիտարկել թեկուզ տարածաշրջանային համատեքստում, մի փոքր ընդլայնել դիտանկյունը։ Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ նրանց մոտ շահագրգռվածություն չկա զարգանալու, քանի որ մրցակցային դաշտում չեն՝ իրենց առարկայացանկը պարտադիր է բոլոր մասնագիտությունների համար, հետևապես ժամերով և հաստիքներով ապահովված են և՝ ի տարբերություն այլ ամբիոնների խթան չունեն նոր դասընթացներ մշակելու և առաջարկելու, ժամանակին համընթաց շարժվելու, որպեսզի առարկայաժամեր ու աշխատանք ունենան, ուստի ինչ գիտեն, այն էլ անում։ Դրան գումարած՝ համարում են, որ մասնագիտական կրթության բերումով ունեն ազգային խնդիրներ ներկայացնելու բաղառիկ մենաշնորհը, կարծես թե մենք՝ ով մասնագիտության բերումով չի զբաղվում հայերենով կամ հայոց պատմությամբ, դրանով իսկ արդեն թերարժեք ենք։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես մեր գիտխորհուրդներից մեկում բանասիրականի դեկանն իր անկեղծ զարմանլն էր արտահայտում մի առիթով. լավ, ասում էր, ու՞մ է պետք, որ հայոց համալսարանում զբաղվեն բելուջիների ազգաբանական խնդիրներով կամ բարբառով, չէ՞ որ իրենք դա ավելի լավ կանեն (!!!) Ի՞նչ ասես՝ տխուր է, բայց սա է պատկերը։
Խնդիրն էլ հենց այն է, որ մեր ուսանողները ևս չեն ցանկանում, որ այդ դասախոսները իրենց ստանդարտ ավանդական խնդրացանկից այն կողմ որևէ բան տեսնեն,քանի որ լուրջ մասնագետի հետ աշխատելիս սովորելու նյութը շատանում է,պատասխանատվությունը մեծանում։ Իսկ այս դեպքում իրենք ավելի քիչ ժամանակ են ունենում մասնակցելու բյուրոկրատացված և քաղաքականացված ուսանողական խորհուրդների կազմակերպած ԱՐԺԱՆԱՀԻՇԱՏԱԿ միջոցառումներին, որոնք կազմակերպվում են չգիտես ինչու մեր արաբերենի դասի ժամանակ ԱՅՍԲԵՐԳԻ ԳԻՏԱԿԱՆ ԴԱՀԼԻՃՈՒՄ։
Մի մեջբերում անեմ հետաքրքիր հոդվածից, որը վերաբերում է Ռուսաստանի բարձրագույն կրթությանը. “Негативная стабильность – это такое состояние, где колебание приводит к разрушению. В интересах всех просто не тревожить ситуацию. Негативная стабильность – с одной стороны, это ситуация конфликта, когда стороны недовольны своим положением, например, холодная война. Второе положение – когда ничего никому не надо. Это застой. Все довольны, а эффект и действия не очевидны. Попытка действия опасна. Оказалось, что в зарубежной литературе в 2003 году была опубликована статья лидера исследований о вовлеченности Генри Куха, который ввел термин «договор о невовлеченности». Он описывает ситуацию, как качество домашней работы студентов снижается, а оценки повышаются, преподаватели не хотят тратить слишком большие усилия на повышение этого качества. В этом смысле: мы друг к другу не пристаем.” Տե՛ս. http://www.slon.ru/articles/401063/։ Ծանոթ իրավիճակ չէ՞։
Հարգելի պարոն Կարաբեկյան,
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` հարցը բարձրացնելու համար:
Միանշանակ համամիտ եմ Նառայի հնչեցրած տեսակետի հետ, դասախոսը տարիներ շարունակ թելադրում է (բառիս բուն իմաստով) ստանդարտ նախադասություններ, ուսանողներն էլ տարիներ շարունակ անգիր են անում նույն դատարկաբանությունը, որովհետև երկու կողմերին էլ ձեռնտու է այդ մեթոդը: Քաաաաանի անգամ եմ փորձել բացատրել համակուրսեցիներիս,որ սովորել չի նշանակում անգիր անել, քաաաանի անգամ եմ փորձել դասախոսին շաաատ քաղաքավարի բացատրել որ “հարգելի պարոն էսինչ, էդ ինչ որ ասում եք ցանկացած գրքում կա գրված, ինչ կարիք կա նույն բանը թելադրեք, մենք էլ գրենք, ու գնանք անգիր անենք”… Ի պատասխան միշտ լսել եմ նման խոսքեր. “Դու ով դառար որ ինձ բան սովորեցնես”, “Ես արդեն 30 տարի դաս եմ տալիս, ոչմեկ չի բողոքել, դու պիտի բողոքես?”, “Ընդունվել եք համալսարան, պիտի սովորեք այնպես, ինչպես պահանջում ենք” և այլն… Ուսանողներն էլ մեծագույն հաճույքով համաձայնվում են դասախոսի հետ, որովհետեև գիրք կարդալու, մտածելու, վերլուծելու ու հասկանալու փոխարեն դասախոսի թելադրությունը անգիր կանեն, կգան քննության:
Տխուր իրականություն է, բայց իմ խորին համոզմամբ ցանկացած փոփոխություն գալիս է երկաաաաար ու անզիջում պայքարի արդյունքում: Մի կողմից խորը հիասթափություն ես ապրում տեսնելով որ շրջապատում բոլորը դոփում են տեղում, բայց մյուս կողմից ինչ հաճելի է գիտակցել որ մենակ չես պայքարում…
Պարո’ն Կարաբեկյան, ինձ` արևելագիտության ֆակուլտետի արդեն նախկին ուսանողիս, ձեր բարձրացրած հարցը այժմ շատ ավելի է հուզում, և այդ խնդրի կարևորությունը հիմա ավելի եմ զգում, քան էր ուսանողական տարիներին: Բանն այն է, որ ես այժմ փորձում եմ արաբագիտություն դասավանդել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի արևելագիտության բաժնի մի քանի սաների, և այժմ, կրելով նման մեծ պատասխանատվություն` այժմ շատ ավելի լավ եմ գիտակցում մեր ֆակուլտետի բաց կողմերը` կապված մասնագիտական առարկաների հանդեպ այսպես ասած ոչ մասնագիտական մոտեցման հետ: Ոստի կարծում եմ, որ դեկանատը հարցին պետք է շատ ավելի լուրջ մոտենա, եթե ուզում է շարունակի տալ որակյալ շրջանավարտներ, որով մեր ֆակուլտետը միշտ է առանձնացել:
Սիրելի Ռուզաննա, նախ հաճելի էր իմանալ, որ աշխատում եք մասնագիտությամբ, այն էլ այդպիսի մի կրթահամալիրում։ Շնորհակալություն Ձեզ։ Ես միտք ունեմ սեմինարների շարք սկսել ֆակուլտետում՝ բարձրագույն կրթության այսօրվա հիմնախնդիրներին վերաբերող և խնդիրները մասնագիտորեն տեղայնացնելով։ Ուրախ կլինեմ, եթե մասնակցեք։
Հարգելի Պարոն Կարաբեկյան, խնդիրն, իրոք, չափազանց կարևոր է ուսանողներիս համար, և հենց ուսանողներին շատ հուզում է այն:Շատ հրաշալի կլիներ,որ ոչ միայն առարկաների ցանկում չընդգրկվեն այնպիսիք, որոնք բնավ հետաքրքիր, առավել ևս օգտակար չեն արևելագետների համար,այլև արաբական գրականության շատ տարրեր դասավանդվեին հենց արաբերենով:Եվ թող ոգևորվեն ուսանողին “իսկական” արաբագետ դարձնել, այլ ոչ թե ավելի հեռացնել արաբագիտությունից ու արաբերենից….Զարմանալի է, միթե ցանկալի չէ իսկական կադրեր ունենալ:Անհիմն, անգրագետ ու ոչ մասնագիտական նորություններից իսկապես հոգնել ենք:
Հարգելի Պարոն Կարաբեկյան, սիրով կմասնակցեմ այդ սեմինարներին, որոնց անհրաժեշտությունը այսօր այնքան զգացվում է: Միայն կխնդրեի սեմինարների անցկացման ամսաթվի և վայրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն հաղորդեիք: Շնորհակալություն:
Ինձ թվում է պրոբլեմը նրանում է, որ Սամվելի (ի նկատի ունեմ համանուն վեպի հերոսին)օրինակին հետևողները քիչ են, երևի դպրոցում սովորելու տարիներին աշակերտները դեռ շատ են ընտանիքի ազդեցության տակ լինում ու ամբողջությամբ չեն ընկալում նրա արարքի օրինակելիության աստիճանը։ Դրա համար հայեցի դաստիարակության համար շատ կարևոր է, որ արդեն ավելի գիտակից տարիքում ևս մեկ անգամ նրա օրինակը «ճիշտ» տեսանկյունից մեկնաբանվի։
Ընկեր Տոնիկյան!
Ընկեր Տոնիկյան???!!!
))
Ժողովուրդ ՃԻՇՏ-ը չակերտների մեջ է, հանգստացեք՛… ։)))
Երեկ, ի դեպ, սիրելի բարեկամներ, առիթ ունեցա ծանոթանալու բակալավրիատի առաջին կուրսում բարձրագույն կրթության օրենքի համաձայն (սա մեկ այլ խնդիր է՝ կխոսենք այդ մասին) դասավանդվող “Հայոց լեզու և գրականություն” առարկայի նկարագրին՝ երկու կիսամյակային մոդուլից բաղկացած դասընթացի բովանդակության նկարագրության մեջ “հայ գրականություն” արտահայտությունը հանդիպում է միայն վերնագրում։ Ինչպես ասում են՝ “առանց մեկնաբանությունների”…
Կարծում եմ խնդիրը բոլորիս համար էլ պարզ է: Եկեք խոսենք այն քայլերի մասին, որոնց միջոցով հնարավոր կլինի շտկել ստեղծված իրավիճակը:
Խնդիրը նաեւ նրանում է, որ անգամ այն առարկաները, որոնց վերնագրերը բավականին խոստումնալից են, չեն արդարացնում իրենց՝ դասախոսի սխալ ընտրված լինելու պատճառով: Մասնավորապես խոսքը վերաբերվում է «Հայ-արաբական լեզվական առնչություններ» եւ «Հայ գրականություն եւ արաբա-մուսուլմանական մշակույթ» առարկաներին: Առաջինի դեպքում այդ գրավիչ վերնագիրը վերածվում է հոգեբանության ե ընտանեկան հարաբերությունների պարզաբանման շուրջ բաց քննարկման: Երկրորդի դեպքում անտեսվում է առարկայի վերնագրի երկրորդ ամենակարեւոր, մասնագիտական մասը՝ «արաբամուսուլմանական մշակույթը»: Ուստի նախ եւ առաջ եկեք մտածենք արդեն ունեցած մասնագիտական առարկաները ճիշտ դասավանդելու մասին,հետո անցնենք նորերին (միանշանակ համաձայն եմ, որ դրանց կարիքը կա):
Անի ջան, Ձեր նշած առարկաները Ձեր իսկ նշած պատճառով արդեն հանվել են ուսումնական պլանից՝ փոշարինվելով մասնագիտական այլ առարկաներով, որոնք դասավանչելու են մեր ամբիոնի դասախոսները։ Ու հենց սա էլ դարձել է պրոբլեմ։
վրիպակնեի համար հայցում եմ ձեր ներողամտությունը:)))
Միայն ուրախ եմ դրա համար, հաջողություններ եմ ցանկանում: