
persian gulf
Գրառման նպատակն այս անգամ սրա կամ նրա ծոցն ու ծոցի գաղտնիքները քննարկելը չէ:
Վերջերս BBC-ն «զարմանքով» հայտնեց, թե Իրանում կարգելեն երկրի օդային տարածքով անցնել այն ընկերությունների ինքնաթիռներին, որոնք Պարսից Ծոցն այլ անվանումներով են նշում: Ամեն ինչից ու իրականությունից անջատված ու անկախ թե նայենք. ինչո՞ւ ոչ, ի՞նչն է այդքան կարևոր այդ անվանումների մեջ: Ի վերջո մի մոլորակ է իր սար ու ձորով, որոնց էլ մարդիկ անուններ են տվել: Անուններն էլ հորինվել են մարդկանց կողմից, սուբյեկտիվ երևույթ է: Բնության մեջ գոյություն ունեցող ոչ արհեստական ու առանձնահատուկ մի բան չէ որևէ ծոցի անվանումը մարդու կողմից պատկերված քարտեզի վրա:
Սա ճիշտ է:
Բայց մի մոլորակի վրա ապրող մարդիկ՝ հայերս, իրանցիները, բրիտանացիները, BBC աշխատակիցները, պաշտոնատար անձիք, ինքնաթիռի ուղևորները, ամենքն իր տեսակետն ու կարծիքն ունի, որ հաճախ թելադրված են իրենց՝ այս կամ այն հարցի հանդեպ վերաբերմունքով կամ շահերով:
ԲիԲիՍի-ն «զարմանք» է արտահայտում ու հարցնում, թե է ի՞նչ կա, անուն է էլի: Հիմա Ծոց լինի, Պարսից Ծոց լինի, թե Արաբական… Սակայն հետո հատուկ նշում է, թե ԲիԲիՍի-ի ոճով այն կոչվում է պարզապես Ծոց (the Gulf): Զարմանում են, թե ինչու իրանցիները սկզբունքորեն փորձում են օգտագործել հենց այդ եզրը, մինչդեռ իրենք էլ էլի սկզբունքորեն օգտագործում են միայն այս, գոնե քիչ թե շատ «նեյտրալ» անվանումը: Անունը կարևոր է: Կան մի շարք օրինակներ, որոնց մանրամասներին կարելի է ծանոթանալ ցանկության դեպքում: Ահա մի քանիսը՝
- Մակեդոնիան մինչև հիմա կոչվում է Former Yugoslav Republic of Macedonia (FYROM) միայն նրա համար, որ Հունաստանը համաձայն չէ իր տարածքում գտնվող պատմական շրջանի անունը նորաստեղծ հարևան պետության համար օգտագործելու հետ:
- Զարմանալի ու տարօրինակ չէր լինի, եթե Իրանը և բազմաթիվ այլ պետություններ էլ Բաքու մայրաքաղաքով պետությունն անվանեին Նախկին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետություն (Former Soviet Republic of Azerbaijan) հայտնի պատճառներով: 1918թ. Հարավային Կովկասում ստեղծված պետությունը պաշտոնապես անվանվեց «Ադրբեջան», մինչդեռ «իսկական» Ադրբեջանը գտնվում էր դրանից դեպի հարավ՝ Իրանում: Իրանն այն ժամանակ արտահայտեց իր դժգոհությունը և վերջ: Այսօր՝ տասնամյակներ անց, Կովկասի թյուրքախոսներն արդեն այնքան են հավատացել իրենց իսկ ստեղծած անվանը, որ նախկին խորհրդային Ադրբեջանն արդեն դառնում է Հյուսիսային Ադրբեջան, իսկ իրանականը՝ Հարավային: Իսկ Հարավն ու Հյուսիսը իրար հետ «վերամիավորել» շատերը կցանկանային:
- Թուրքիան վերջին մեկ-երկու հարյուրամյակի ընթացքում է, որ «Անատոլիա» եզրը ձգել ու հասցրել բերել է մինչև ՀՀ-ի հետ սահմանը: Այն, ինչ անվանվում էր Հայկական Լեռնաշխարհ կամ էլ Արևմտյան Հայաստան, այսօր արդեն վաղուց է կոչվում Անատոլիա, Արևելյան Անատոլիա և այլն: Անվանումն օգտագործում են նաև հայ հեղինակները: Վաղուց արդեն պարտադիր չէ, որ «չար ու հակահայկական» ուժեր լինեն գրողները, ուղղակի այս անունն արմատներ է տվել ու տարածքը դարձել է Անատոլիա, Արարատն էլ, ռոմանտիկների համար հատուկ նշեմ, գտնվում է Անատոլիայում:
- Այսօր, ինչպես ասվեց վերը, ԲիԲիՍի-ն (ու ոչ միայն) Պարսից Ծոցը իր ավելի ընդունված անվան փոխարեն պարզապես Ծոց է անվանում: Տեղ ու ժամանակ խնայելո՞ւ, թե՞ այլ նպատակների հետևանք է սա…
Ահա մի օրինակ էլ՝ CNN-ի կողմից: CNN-ը վերջերս լի է Պարսկական Ծոցի պետությունների (իսկ հայտնի իրանագետ Երվանդ Աբրահամյանը դրանք անվանում է Gulf sheikhdoms) ու ֆինանսական կենտրոնների մասին գովազդ-հաղորդումներով: Բահրեյնն այստեղ կարևոր տեղ ու դեր ունի: Ու այս անգամ էլ պատահական չէ, որ Պարսկական Ծոցը, Ծոցը հիմա էլ դառնում է Արաբական Ծոց:
Ի՞նչ էի ուզում ասել…
Իրանցիները միամիտ չեն, երեխա էլ չեն, ու ինքնաթիռների թռիչքն արգելելն էլ այն պատճառով չէ, թե չար են: Ուղղակի այն, թե ինչպես կանվանվի ծոցը, պատահական չէ ո’չ Իրանի, ո’չ արաբական երկրների և ո’չ էլ Արևմուտքի համար:


es tesel es? Parsiknery arag gcecin canc- arajinn e galis, erb pntrum es Arabian Gulf – http://arabian-gulf.info/
Հմմ, չէի տեսել, շնորհակալություն:
Գիտեմ, ուղղակի, որ շատ փորձեր են արվում նաև ինդիվիդուալ մակարդակով անընդհատ հիշեցնել բոլոր նրանց, ովքեր “պատահաբար” խառնում են անունները:
Փորձեցի քիչ առաջ պատասխանել, երևի միանգամից քո էլ-փոստին է ուղարկվել, հա՞:
Ամեն դեպքում՝ հրաշալի ու սրամիտ բան են արել
Paylun er:)))