Իսլամական աղբյուրները շատ հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում Եգիպտոսում ֆաթիմյանների և մամլուքների կողմից գինու արտադրության, օգտագործման և ընդհանրապես խմիչքների մասին: Ոչ ալկոհոլային խմիչքներից օրինակ`սուրճը, որը հայտնի էր դեռևս Օմայանների օրոք, Եգիպտոսում կիրառության մեջ մտավ միայն մամլուքների դարաշրջանում և դրանից հետո: Մամլուքները սուրճից բացի խմում էին թեյ՝ հատկապես նանայով, ինչպես նաև շաքարաջուր:
Գինու արտադրությունը տարածվեց մուսուլմանական Եգիպտոսում Ֆաթիմյանների ժամանակաշրջանում, որը գոյություն չուներ մինչ այդ: Մամլուքների օրոք այն համատարած արտադրության մեջ մտավ: Մամլուք զինվորները զորավարժանքներից հետո գաղտնի կերպով օգտագործում էին գինի: Ինչպես նշում է Իբն Իյասը, որոշ էմիրներ հավաքվում էին ալ-Ջաբալ ամրոցի հրապարակում, այնքան էին խմում գինի, որ հարբում էին սուլթանի ներկայությամբ»:[1] Նույն պատմիչը վկայում է նաև այն մասին, որ մամլուք սուլթանների` հիմնականում Բուրջի սուլթանների մեծամասնությունը գինեմոլներ են եղել և հենց նրանք էլ կազմակերպում էին նմանօրինակ հավաքույթներ:
Ալ-Ջաբալ ամրոցում պատրաստվում էին բազմատեսակ գինիներ` հիմնականում խաղողից: Սակայն կային գինու տեսակներ, որոնք պատրաստվում էին ցորենից և գարուց: Ուսումնասիրության ժամանակ պարզ դարձավ, որ գինին Եգիպտոսում պատրաստվել է խաղողի տարբեր և ամենալավ տեսակներից` կարմիր, սպիտակ, սև և վարդագույն խաղողներից, որոնք էլ ապահովում էին գինու չոր, կիսաչոր, դառը, քաղցր տեսակները:
Եգիպտոսում Ֆաթիմյանների և Մամլուքների ժամանակաշրջանում պատրաստված ամենահայտնի գինիների անվանումների մասին է հիշատակում ալ-Կալկաշանդին:[2]
Դրանք են`
- القمز أو القراقمز- պատրաստված կարմիր խաղողից, քաղցր
- الشرش أو الشش- պատրաստված վարդագույն խաղողից, չոր
- البوظة أو البوزة- պատրաստված սև խաղողից, դառը
- المزر- պատրաստված ցորենից կամ գարուց
- الفقاع – պատրաստված սև խաղողից, դառը
[1]ابن اياس:بدائع الزهور في وقائع الدهور،ج 4، ص 269
[2]القلقشندي: الصبح الأعشى، ج2، ص147

