Home » Գիտական, Դասախոսական, Լուրջ, Ուսանողական, Ուսումնական, Տեղական » Սպասված

Սպասված

Հարգելի ընկերներ,

Մեզ համար առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել մեր գիտելիքները, կարծիքները փոխանակելու Արևելագիտության, ինչու չէ` նաև Արևելքում տեղի ունեցող անցուդարձերի վերաբերյալ այստեղ: Կարծիքս այն է, որ, սովորելով Արևելագիտության ‎ֆակուլտետում, հնարավոր է միաժամանակ կամ միգուցե ավարտելուց հետո ուսումնասիրել և յուրացնել նաև այլ մասնագիտություններ, իսկ սովորելով ցանկացած այլ ‎ֆակուլտետում` Արևելագիտությունը յուրացնելը բարդ է: Պատճառներից գլխավորը կարծում եմ այն է, որ այն խորությամբ ուսումնասիրելու համար պետք է տեսնել Արևելքը, ապրել, սովորել Արևելքում և առհասարակ կապված լինել նրա հետ: Հրաշալի կլիներ, եթե ապագա բոլոր արևելագետներն անխտիր նախ ձգտեին, ապա հնարավորություն ունենային լինել համապատասխան արևելյան երկրում: Իսկ որպեսզի հետաքրքրություն առաջանա, օրինակ, իրանագիտության նկատմամբ, բավական է կարդալ պարսիկ նշանավոր բանաստեղծ, իրանագիտության հիմնադիր Ֆիրդուսիի «Շահնամե» պոեմը, որն իր գլուխգործոցում փորձել է առավելագույնս արտացոլել պարսկական մշակույթը, գրականությունը, արվեստն ու պատմությունը: Արևելագիտությունն ուսումնասիրելու ձգտումը մյուս կողմից կապված է նրա հետ, որ Հայաստանի պատմությունն  ու մշակութային արժեքների կերտման ընթացքը դարեր ի վեր միաձուլված է եղել Արևելքի ժողովուրդների պատմամշակութային կյանքին, ինչն անգամ իր անջնջելի հետքն է թողել թե’ լեզվական առանձին տարրերի, թե’ ոճական արտահայտությունների և այլ արտահայտչաձևերի վրա: Իսկ արևելագիտական այդ և այլ ուղղություններում դեռևս բազմաթիվ ուսումնասիրություններ ունենք անելու:

 Շնորհակալություն,

 ԵՊՀ Արևելագիտության ‎ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ասպիրանտ, դասախոս

 Վահե Առաքելյան

Թողնել կարծիք

*