Home » Գիտական, Ուսումնական » Հայերի բռնի կրոնափոխությունը ցեղասպանության տարիներին. ընդհանուր պատկերի ուրվագծման փորձ

Հայերի բռնի կրոնափոխությունը ցեղասպանության տարիներին. ընդհանուր պատկերի ուրվագծման փորձ

Հեղինակն իսլամ ընդունած հայ կնոջ հետ Արևմտյան Հայաստանում

Հեղինակն իսլամ ընդունած հայ կնոջ հետ Արևմտյան Հայաստանում

Տար­բեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում Հայ­կա­կան լեռ­նաշ­խարհ ներ­խու­ժած նվա­ճող­նե­րը որ­դեգ­րել են տե­ղի բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի, այդ թվում և հա­յե­րի, ձուլ­ման քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ին­չի ի­րա­գործ­ման հիմ­նա­կան մե­թոդ­նե­րից է ե­ղել բռնի կրո­նա­փո­խութ­յու­նը կամ դա­վա­նա­փո­խութ­յու­նը: Չնա­յած թյուր­քե­րից ա­ռաջ Հա­յաս­տա­նի տար­բեր շրջան­ներ ե­ղել են իս­լա­մա­դա­վան ա­րաբ­նե­րի տի­րա­պե­տութ­յան տակ, սա­կայն բռնի իս­լա­մաց­ման գոր­ծըն­թա­ցը լայն ծա­վալ­ներ չի ընդգր­կել, իսկ արևե­լա­գետ Ա­լեք­սան Խա­չատր­յա­նը կար­ծում է, որ. “Ա­րա­բա­կան տի­րա­պե­տութ­յան ժա­մա­նակ (8-9դդ.) Հա­յաս­տա­նում հա­յե­րի մահ­մե­դա­կա­նաց­ման դեպ­քե­րը այն­քան քիչ են, որ կա­րե­լի է ա­սել, թե մահ­մե­դա­կա­նաց­ման պրո­ցե­սը նոր էր սկիզբ առ­նում[1]”:

Տա­րա­ծաշր­ջան թյուր­քա­կան տար­րի ներ­թա­փանց­ման ժա­մա­նակ և պե­տա­կան միա­վոր­ներ ստեղ­ծե­լուց հե­տո բնիկ ոչ մու­սուլ­ման բնակ­չութ­յու­նը կազ­մում էր մե­ծա­մաս­նութ­յուն, և նվա­ճող­նե­րը խնդիր դրե­ցին ստեղ­ծել իս­լա­մա­դա­վան մե­ծա­մաս­նութ­յուն: Դրա հա­մար անկ­յու­նա­քա­րա­յին քա­ղա­քա­կա­նութ­յուն դար­ձավ բնիկ ժո­ղո­վուրդ­նե­րի բռնի իս­լա­մա­ցու­մը: Հա­յե­րի բռնի կրո­նա­փո­խութ­յան հա­մար կի­րառ­վել են բազ­մա­պի­սի մե­թոդ­ներ. ինչ­պես մահ­վան սպառ­նա­լիք, այն­պես էլ հար­կա­յին, ի­րա­վա­կան կոշտ հա­լա­ծան­քի քա­ղա­քա­կա­նութ­յուն և այլն[2]:

Հա­յե­րի բռնի կրո­նա­փո­խութ­յուն­ը լայն թափ է ստա­ցել հատ­կա­պես կո­տո­րած­նե­րի ժա­մա­նակ. օ­րի­նակ` 1894-96թթ. համիդյան ջարդերի ընթացքում բռնի իս­լա­մա­ցում­ներ են տե­ղի ու­նե­ցել տար­բեր գա­վառ­նե­րում: Մինչև այժմ էլ պահ­պան­վում են բազ­մա­թիվ ար­խի­վա­յին փաս­տաթղ­թեր, ո­րոնք վե­րա­բե­րում են հա­յե­րի կրո­նա­փո­խութ­յա­նը և զար­մա­նա­լի կեր­պով հենց կո­տո­րած­նե­րի ա­մե­նա­բուռն շրջա­նում հա­յե­րը խմբե­րով կամ գյու­ղե­րով նա­մակ-խնդրագ­րեր են գրել “կա­մա­վոր” իս­լամ ըն­դու­նե­լու մա­սին: Հա­միդ­յան կո­տո­րած­նե­րի ժա­մա­նակ բռնի կրո­նա­փոխ­ված հա­յե­րի թվա­քա­նա­կի մա­սին դժվար է խո­սել, սա­կայն մի քա­նի աղբ­յու­րի հա­մադր­մամբ կա­րե­լի է ա­սել, որ դա կա­րող էր հաս­նել մի քա­նի տասն­յակ հա­զարի: Հարկ է նշել, որ այդ հա­յե­րի մի մա­սն ա­վե­լի ուշ վե­րըն­դու­նեց քրիս­տո­նեութ­յուն նաև օտա­րերկր­յա դես­պան­նե­րի ազ­դե­ցութ­յան տակ օս­ման­յան իշ­խա­նութ­յուն­նե­րից կոր­զած թույլտ­վութ­յան շնոր­հիվ, բայց, այ­նու­ա­մե­նայ­նիվ, իս­լա­մաց­ված­նե­րի մի մա­սը մնաց հե­ռաց­ված իր ազ­գա­յին ա­կունք­նե­րից: Ի դեպ, բռնի իս­լա­մաց­ված հա­յե­րի քրիս­տո­նեութ­յուն վե­րըն­դու­նե­լու երևույ­թն ար­դեն 1915թ. զգա­լիո­րեն ա­վե­լի թույլ էր ար­տա­հայտ­ված, և լի­նում էին դեպ­քեր, երբ ցե­ղաս­պա­նութ­յան հուժ­կու ա­լի­քից հե­տո ար­տա­քուստ կրո­նա­փոխ­ված հա­յե­րի քրիս­տո­նեութ­յուն վե­րըն­դու­նե­լն ա­վարտ­վում էր նրանց սպա­նութ­յամբ[3]:

Ինչ­պես նշվեց, հա­յե­րի բռնի կրո­նա­փո­խութ­յուն­ը հատ­կա­պես մեծ ծա­վալ­ներ էր ըն­դու­նում Օս­ման­յան կայս­րութ­յու­նում պար­բե­րա­բար տե­ղի ու­նե­ցող կո­տո­րած­նե­րի ըն­թաց­քում և բա­ցա­ռութ­յուն չէր նաև 1909թ. Ա­դա­նա­յի ջար­դը, ո­րի ժա­մա­նակ գլխա­վոր թի­րա­խը կա­նայք և ե­րե­խա­ներն էին: Հա­մադ­րե­լով մի շարք աղբ­յուր­ներ, այդ թվում և ժա­մա­նա­կի հայ­կա­կան մա­մու­լը, ա­կա­դե­մի­կոս Հրաչ­յա Սի­մոն­յա­նը վեր է հա­նում նաև կո­տո­րա­ծի բաղ­կա­ցու­ցիչ մաս կազ­մող կրո­նա­փո­խութ­յան պատ­կե­րը և հան­գում այն եզ­րա­կա­ցութ­յան, որ կրո­նա­փո­խութ­յունն ան­գամ հայ տղա­մարդ­կանց շատ դեպ­քե­րում չէր ա­զա­տում մա­հից: Որ­պես դրա ա­պա­ցույց է ներ­կա­յաց­վում Քը­րըք­հա­նի օ­րի­նա­կը. “Կը ստի­պեն ժո­ղո­վուր­դը որ թուրք ըլ­լայ. խեղճ հա­յե­րը կը հա­ւա­նին այս ա­ռա­ջար­կին եւ սա­կայն ի­րենց դա­ւա­նա­փո­խու­թիւ­նը օ­րի­նա­ւոր ըլ­լա­լու հա­մար կը ստի­պեն որ Մուս­թա­ֆա փա­շա­յի մզկի­թը եր­թան. ժո­ղո­վուր­դը դար­ձեալ կը հա­ւա­նի, եւ երբ հա­զիւ քա­ղա­քէն քիչ մը կը հե­ռա­նան, վայ­րագ խու­ժա­նը բո­լոր է­րիկ մար­դի­կը կը սպան­նէ եւ կի­ներն ու աղ­ջիկ­նե­րը ի­րենց մէջ կը բաժ­նէ[4]:

Կա­րե­լի է ա­սել, որ նա­խոր­դող բո­լոր կո­տո­րած­նե­րի ժա­մա­նակ փոր­ձարկ­վե­ցին այն մե­թոդ­նե­րը, ո­րոնք հե­տա­գա­յում կի­րառ­վե­ցին 1915-ի ցե­ղաս­պա­նութ­յան ըն­թաց­քում: Տար­բեր աղբ­յուր­ներ փաս­տում են, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան տա­րի­նե­րին ևս ­տե­ղի են ու­նե­ցել հա­յե­րի բռնի իս­լա­մաց­ման դեպ­քեր, ո­րոնք, մեր կար­ծի­քով, ու­նե­ցել են սիս­տե­մա­վոր­ված, ա­վե­լին` կա­նո­նա­կարգ­ված բնույթ: Բռնի կրո­նա­փո­խութ­յու­նը, սա­կայն, չի ե­ղել հա­մընդ­հա­նուր, և ինչ­պես նշում են մի շարք օ­տա­րազ­գի մաս­նա­գետ­ներ, “փրկութ­յուն” չի կա­րող հա­մար­վել: Ման­րա­մաս­նենք. հա­յե­րի ո­րոշ խմբե­րի պար­տադր­վում էր ոչ միայն ըն­դու­նել իս­լամ, այլև ջնջել հայ­կա­կան ինք­նութ­յան հետ կա­պող ա­մեն ինչ` նե­րառ­յալ և անձ­նա­նու­նը, այդ “փրկված­նե­րը” շա­րու­նա­կում էին ապ­րել միայն որ­պես մու­սուլ­ման­ներ, այլ ոչ թե որ­պես մու­սուլ­ման հա­յեր: Խո­սե­լով Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան տա­րի­նե­րին հա­յե­րի բռնի կրո­նա­փո­խութ­յան մա­սին՝ հե­տա­զո­տող Մա­թիաս Բժորն­լուն­դը նշում է. Միայն կրո­նը չէր, որ պետք է պաշ­տո­նա­պես փո­խել դա­ժան և սի­ստե­մա­տիկ ճնշում­նե­րի ներ­քո: Այդ ճա­կա­տագ­րին պետք է ար­ժա­նա­նա­յին նաև հա­յոց լե­զուն, մշա­կույ­թը, նույ­նիսկ վե­րապ­րող­նե­րի անձ­նա­նուն­նե­րը թե՛ սե­փա­կան տնե­րում, թե՛ կա­ռա­վա­րութ­յան հո­վա­նու ներ­քո գտնվող որ­բա­նոց­նե­րում և թե՛ հա­սա­րա­կա­կան ո­լոր­տում` թող­նե­լով միայն պար­բե­րա­կան թուր­քաց­ման պատ­րաստ կեն­սա­բա­նա­կան հում նյու­թը[5]:

Այ­սինքն՝ վերց­վում էր միայն թուրք կամ քուրդ ազ­գը հարս­տաց­նե­լու հա­մար նա­խա­տես­ված “հում նյու­թը” և բռնի կրո­նա­փո­խութ­յու­նը եր­բեք չէր կա­րող հա­մար­վել փրկութ­յուն, քա­նի որ այս դեպ­քում մար­դը չէր ոչն­չաց­վում ֆի­զի­կա­պես, սա­կայն որ­պես հայ այլևս հ­նա­րա­վո­րութ­յուն չու­ներ ապ­րե­լու:

Հա­մադ­րե­լով տար­բեր փաս­տեր՝ կա­րող ենք ա­սել, որ այ­սօր­վա Թուր­քիա­յի իս­լա­մաց­ված հա­յութ­յու­նն ա­ռա­վե­լա­պես ձ­ևա­վոր­վել է հետևյալ խմբե­րից.

ա. Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ժա­մա­նակ՝ եր­բեմն միայն ար­տա­քուստ, մու­սուլ­մա­նութ­յուն ըն­դու­նած հա­յեր:

բ. Ցե­ղաս­պա­նութ­յան ժա­մա­նակ առևանգ­ված, այ­նու­հետև թուր­քե­րի կամ քրդե­րի հետ ա­մուս­նա­ցած հայ կա­նայք և աղ­ջիկ­ներ:

գ. Ցե­ղաս­պա­նութ­յան ժա­մա­նակ մու­սուլ­ման­նե­րի կող­մից բռնի որ­դեգր­ված հայ ե­րե­խա­ներ:

դ. Ո­րոշ թվով հա­յեր, ով­քեր ա­պաս­տան են գտել մու­սուլ­ման հարևան­նե­րի կամ այլ մարդ­կանց մոտ:

ե. Սահ­մա­նա­փակ թվով հայ ար­հես­տա­վոր­ներ և բա­ցա­ռիկ մաս­նա­գետ­ներ, ո­րոնք իս­լա­մա­ցել են իշ­խա­նութ­յան ի­մա­ցութ­յամբ և կամ­քով:

Խո­սե­լով Ցե­ղաս­պա­նութ­յան տա­րի­նե­րին հա­յե­րի իս­լա­մաց­ման մա­սին՝ թուր­քա­կան մի շարք աղբ­յուր­ներ շեշ­տում են, թե շատ հա­յեր նաև կա­մո­վին են իս­լամ ըն­դու­նել, և պե­տութ­յունն էլ ար­տո­նել է դա: Սա­կայն հենց օս­ման­յան ար­խիվ­նե­րում պահ­վող փաս­տաթղ­թե­րը գա­լիս են հեր­քե­լու այս թե­զը: Այս­պես, ցե­ղաս­պա­նութ­յան տա­րի­նե­րին հա­յե­րի “կա­մո­վին” մու­սուլ­մա­նութ­յուն ըն­դու­նե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը ոչ միշտ է միան­շա­նակ հա­վա­նութ­յան ար­ժա­նա­ցել իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից: Օ­րի­նակ, Թուր­քիա­յի կա­ռա­վա­րութ­յան օս­ման­յան ար­խի­վում պահ­պան­վել են ժա­մա­նա­կի բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի, ա­ռա­վե­լա­պես ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Թա­լեաթ փա­շա­յի՝ հա­յե­րի կրո­նա­փո­խութ­յա­նը վե­րա­բե­րող հրա­ման­նե­րը և գրագ­րութ­յու­նը, ո­րոն­ցում նա աք­սո­րի սկսվե­լուց կարճ ժա­մա­նակ անց պա­հան­ջում է հաշ­վի չառ­նել կրո­նա­փո­խութ­յու­նը և նա­խա­պես ո­րոշ­ված վայ­րեր աք­սո­րել նաև իս­լամ ըն­դու­նած հա­յե­րին[6]: Օս­ման­յան պե­տութ­յու­նը փոր­ձել է գտնել իր հա­մար ա­ռա­վել վստա­հե­լի տար­բե­րակ հա­յե­րի կրո­նա­փո­խութ­յան պա­հանջ­նե­րի հետ կապ­ված և Թա­լեա­թի հրա­ման­նե­րը, ո­րոնք վե­րա­բե­րում են իս­լա­մաց­մա­նը, ցույց են տա­լիս, որ իշ­խա­նութ­յուն­նե­րը ե­ղել են ճա­նա­պար­հի փնտրտու­քի մեջ: Մի քա­նի ի­րար հա­կա­սող հրա­ման­նե­րից հե­տո, ի վեր­ջո Ստամ­բու­լից հրա­ման է ու­ղարկ­վել բո­լոր նա­հանգ­ներ, որ այ­սու­հետ իս­լա­մա­նա­լու թույլտ­վութ­յուն տալ միայն այն հա­յե­րին, ո­րոնց հա­վա­նութ­յուն կտա Ստամ­բու­լը, այ­սինքն՝ կենտ­րո­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը[7]: Սա կապ­ված էր այն կաս­կած­նե­րի հետ, որ հա­յե­րը հա­մա­ձայն­վում են կրո­նա­փոխ լի­նել միայն շա­հա­դի­տա­կան, այն է` չաք­սոր­վե­լու նպա­տա­կով: Ար­խիվ­նե­րում հան­դի­պում է նաև մի հե­տաքր­քիր փաս­տա­թուղթ, հա­մա­ձայն ո­րի 1916թ. մար­տի 8-ից սկսած կրո­նա­փոխ­վե­լու ի­րա­վունք է տրվում միայն մու­սուլ­մանն­ե­րի հետ ա­մուս­նա­ցած հայ կա­նանց[8]: Բա­ցի այդ, պե­տութ­յու­նն իր ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում է պա­հել բո­լոր կրո­նա­փոխ հա­յե­րին և շա­րու­նակ հաշ­վա­ռում­ներ է ա­րել: Մաս­նա­վո­րա­պես 1916թ. օ­գոս­տո­սի 24-ին ամ­բողջ ար–ել­յան շրջան­նե­րում անց­կաց­վել է հա­յե­րի մար­դա­հա­մար, ո­րը նպա­տակ է ու­նե­ցել հստա­կեց­նել իս­լա­մաց­ված հա­յե­րի թվա­յին պատ­կե­րը[9]: 1917թ. սկզբին ևս ­կենտ­րո­նա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը պա­հան­ջել են ման­րա­մասն տվյալ­ներ հա­յե­րի վե­րա­բեր­յալ[10]: Հարկ է շեշ­տել, որ կրո­նա­փոխ­վե­լով հա­յե­րը չէին դա­դա­րում կաս­կա­ծե­լի մնալ պե­տութ­յան հա­մար և նրանց շա­րու­նակ հետևում էին, քննում նրանց շրջա­նում տե­ղի ու­նե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը և զե­կու­ցում կենտ­րո­նին: Այս­տեղ անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում մեջ­բե­րել մի դեպք, ո­րը լա­վա­գույնս ա­պա­ցու­ցում է վե­րոնշ­յա­լը: Այս­պես, 1917թ. հու­նիս ամ­սին Է­դիր­նեի և Ան­կա­րա­յի նա­հանգ­նե­րում բարձ­րա­նում է խնդիր այն­տեղ մնա­ցած և իս­լամ ըն­դու­նած կա­թո­լիկ հա­յե­րին աք­սո­րե­լու հետ կապ­ված: Ինչ­պես պարզ­վում է, իս­լամ ըն­դու­նած կա­թո­լիկ հա­յե­րի շրջա­նում պե­տութ­յու­նը նկա­տել էր գաղտ­նի կեր­պով քրիս­տո­նեա­կան կա­թո­լիկ սո­վո­րույթ­նե­րի կա­տա­րե­լու դեպ­քեր, որն էլ հիմք է ծա­ռա­յել նրանց աք­սո­րե­լու հա­մար[11]:

Ու­շագ­րավ է նաև, որ 1915-16-17 թվա­կան­նե­րին անց­կաց­ված գաղտ­նի մար­դա­հա­մար­նե­րում իշ­խա­նութ­յուն­նե­րը պա­հան­ջում էին հաշ­վա­ռել բո­լոր էթ­նիկ հա­յե­րին ան­կախ կրո­նա­կան պատ­կա­նե­լութ­յու­նից և հատ­կա­պես նոր իս­լամ ըն­դու­նած­նե­րին: Սա ևս ­պե­տութ­յան նրանց հան­դեպ վստա­հութ­յուն չտա­ծե­լու հետ էր կապ­ված: 1918թ. գար­նա­նը Ստամ­բու­լից ծած­կա­գիր նա­մակ է ու­ղարկ­վում գա­վառ­ներ միայն կրո­նա­փոխ հա­յե­րի շրջա­նում մար­դա­հա­մար անց­կաց­նե­լու մա­սին, որ­տեղ պա­հանջ­վում էր ման­րա­մասն տվյալ­ներ ներ­կա­յաց­նել նրանց անձ­նա­նուն­նե­րի (ըստ եր–ույ­թին հին և նոր), կրո­նա­փո­խութ­յան ժա­մա­նա­կի, ձևե­րի, պատ­ճառ­նե­րի մա­սին, ինչ­պես նա– նշել նրանց պահ­ված­քը իս­լամ ըն­դու­նե­լուց հե­տո[12]: Այս վեր­ջին կե­տը հստակ բխում է նրանց շրջա­նում գաղտ­նի քրիս­տո­նեութ­յան շա­րու­նակ­ման վտան­գից:

Օս­ման­յան կայս­րութ­յան քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վն ան­մի­ջա­կա­նո­րեն ղե­կա­վա­րել է հա­յե­րի բռնի կրո­նա­փո­խութ­յան գոր­ծըն­թա­ցը, և ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Թա­լեա­թի քար­տու­ղար Ֆա­լիհ Ռըֆ­քըն հե­տա­գա­յում իր հու­շե­րում այս մա­սին գրում է, որ ե­րիտ­թուր­քա­կան կու­սակ­ցութ­յու­նը ստեղ­ծել էր հա­տուկ կո­մի­տե հա­յե­րի կրո­նա­փո­խութ­յան հետ կապ­ված, ո­րի նիս­տե­րից մի քա­նի­սը տե­ղի է ու­նե­ցել իր տա­նը: Քննար­կում­նե­րից մե­կի ժա­մա­նակ ար­ծարծ­վել է նաև կրո­նա­փոխ հա­յե­րին հո­ղա­տա­րածք­ներ տրա­մադ­րե­լու հար­ցը, ո­րը մերժ­վել է[13]:

Հա­յե­րի կրո­նա­փո­խութ­յան գոր­ծում ա­մե­նա­կարևոր դերն ու գոր­ծա­ռույթն ու­ներ Օս­ման­յան կայս­րութ­յան ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յու­նը, ո­րի ղե­կա­վար Թա­լեա­թն ա­նընդ­հատ ու­շադ­րութ­յան կենտ­րո­նում է պա­հել իս­լա­մաց­ված հա­յե­րի խնդի­րը: Այդ մա­սին են վկա­յում 1916թ. փետր­վա­րի 22-ի նրա հրա­մա­նը, ո­րը վե­րա­բե­րում էր կրո­նա­փոխ հա­յե­րին նոր և հա­տուկ փաս­տաթղ­թեր տրա­մադ­րե­լուն[14]: Հե­տա­գա տա­րի­նե­րին ևս ­Թա­լեա­թն ա­մե­նայն ման­րա­մաս­նութ­յամբ տվյալ­ներ էր պա­հան­ջում կրո­նա­փոխ­նե­րի ա­նուն­նե­րի, բնա­կութ­յան վայ­րե­րի և այլ­նի մա­սին[15]:

Հարկ է շեշ­տել, որ բռնի կրո­նա­փոխ­ման գոր­ծըն­թա­ցն ազ­դել է նաև բազ­մա­թիվ զրկանք­նե­րի գնով մի կերպ աք­սո­րի վերջ­նա­կետ` ա­րա­բա­կան վի­լա­յեթ­ներ հա­սած հա­յե­րի վրա: Մաս­նա­վո­րա­պես ա­րա­բա­կան մի շարք քա­ղաք­նե­րում և բնա­կա­վա­յրե­րում հաս­տատ­ված հա­յե­րի նկատ­մամբ սկսվել է բռնի իս­լա­մաց­ման մի նոր ա­լիք, ո­րի հետևան­քով ևս ­հա­զա­րա­վոր հա­յեր են կրո­նա­փոխ ե­ղել: Ըստ այդ ա­մե­նը վե­րապ­րած և հենց ինքն էլ առ­ժա­մա­նակ կրո­նա­փոխ­ված հայտ­նի գրող Եր­վանդ Օտ­յա­նի, օ­րեր շա­րու­նակ տե­ղա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը, ե­րիտ­թուր­քա­կան կու­սակ­ցութ­յան տե­ղա­կան ղե­կա­վար­նե­րը ստի­պել են հա­յե­րին փո­խել կրո­նը, ե­թե ցան­կա­նում են ողջ մնալ և չաք­սոր­վել ա­նա­պատ­նե­րը, ո­րը հավասարազոր էր մահ­վան: Աք­սո­րը հաղ­թա­հա­րած և ա­րա­բա­կան վի­լա­յեթ­նե­րում հաս­տատ­ված հա­յե­րը սկզբնա­կան շրջա­նում այս ա­ռա­ջար­կը շատ կտրուկ մեր­ժել են, սա­կայն սպառ­նա­լիք­նե­րի և հա­լա­ծանք­նե­րի ա­ճին զու­գա­հեռ ստիպ­ված տե­ղի են տվել և մեծ մա­սամբ ար­տա­քուստ ըն­դու­նել իս­լամ[16]:

Կան նաև փաս­տեր, ո­րոնք ա­պա­ցու­ցում են, որ կրո­նա­փո­խութ­յունն ան­գամ հստակ ե­րաշ­խիք չէր ողջ մնա­լու հա­մար և օ­րի­նակ՝ Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո որ­պես հան­ցա­գործ դա­տա­րա­նի ա­ռաջ կանգ­նած­նե­րից մե­կը` 1914-1916թթ. Սամ­սու­նի գա­վա­ռա­պետ, իսկ 1916-1918 թթ. Սե­բաս­տիա­յի նա­հան­գա­պետ Սու­լեյ­ման Նեջ­մի բե­յը, ըստ ար­խի­վա­յին փաս­տաթղ­թե­րի, նաև մե­ղադր­վել է Սամ­սու­նի 300 կրո­նա­փոխ հա­յե­րի սպան­դը կազ­մա­կեր­պե­լու հա­մար[17]:

Մի կարևոր նրբե­րան­գի վրա ևս ­ցան­կա­նում ենք կանգ առ­նել. Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յա­նը զու­գա­հեռ, փաս­տո­րեն, տե­ղի է ու­նե­ցել բա­ցա­հայտ ստրկա­վա­ճա­ռութ­յուն: Ճիշտ է, օս­ման­յան կայս­րութ­յու­նը հա­րուստ էր ստրկա­վա­ճա­ռութ­յան ա­վան­դույթ­նե­րով, սա­կայն 1909թ. ար­դեն ըն­դուն­վել էր օ­րենք ստրկա­վա­ճա­ռութ­յու­նն­ ար­գե­լե­լու մա­սին[18]: Մինչ­դեռ բազ­մա­թիվ են փաս­տե­րը, որ աք­սո­րի ճա­նա­պար­հին տա­րա­գիր հա­յե­րին ու­ղեկ­ցող պա­տաս­խա­նա­տու­նե­րը, ոս­տի­կան­նե­րը որ­պես ստրուկ­ներ վա­ճա­ռում էին հայ կա­նանց, ե­րե­խա­նե­րին, ո­րոնք ևս, բ­­նա­կան է, են­թարկ­վում էին բռնի իս­լա­մաց­ման: Օ­րի­նակ՝ Մար­դի­նում գո­յութ­յուն ու­նե­ցած կա­նանց և ե­րե­խա­նե­րի շու­կա­յի մա­սին է իր հու­շե­րում պատ­մում ա­սո­րի հոգևո­րա­կան Սի­մո­նը՝ նշե­լով. Մար­դի­նում 1915 թվա­կա­նին էլ վա­ճառ­վում էին սպի­տակ տղա և աղ­ջիկ ե­րե­խա­ներ, ինչ­պես նաև կա­նայք, ո­րոնք քրիս­տոն­յա էին: Այդ վա­ճառք­նե­րը միշտ կա­տար­վում էին միայն մու­սուլ­ման­նե­րի հա­մար[19]:

Կրո­նա­փոխ հա­յե­րի խնդրի չլու­սա­բան­ված է­ջե­րից է ար­դեն հան­րա­պե­տա­կան Թուր­քիա­յում հա­յե­րի բռնի իս­լա­մաց­մանն ուղղ­ված պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ո­րի մա­սին ա­ռան­ձին դրվագ­ներ եր­բեմն սպրդել են մա­մու­լի է­ջե­րում: Սա­կայն մենք կցան­կա­նա­յինք կոնկ­րե­տաց­նե­լով աշ­խար­հագ­րութ­յու­նը` ներ­կա­յաց­նել Սա­սու­նում անց­յալ դա­րի կե­սե­րին հա­յե­րի բե­կոր­նե­րի հան­դեպ կի­րառ­ված իս­լա­մաց­ման քա­ղա­քա­կա­նութ­յան ո­րոշ դրվագ­ներ: Ա­վե­լորդ չենք հա­մա­րում նշել, որ այդ մա­սին փաս­տերն ան­ձամբ ենք գրի ա­ռել հենց տե­ղում ի­րա­կա­նաց­րած դաշ­տա­յին-հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քում:

Տար­բեր աղբ­յուր­նե­րում հան­դի­պում են կցկտուր տվյալ­ներ, ո­րոնք վկա­յում են, որ Սա­սու­նում մնա­ցել են ինչ­պես Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ժա­մա­նակ բռնի իս­լա­մաց­ված, այն­պես էլ տար­բեր ճա­նա­պարհ­նե­րով փրկված քրիս­տո­նեա­դա­վան հա­յեր: Հայտ­նի է, որ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը զու­գորդ­վել է նաև հայ­կա­կան մշա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի ոչն­չաց­մամբ (մշա­կու­թա­յին ցե­ղաս­պա­նութ­յուն), և 1915-ից հե­տո պատ­մա­կան Հա­յաս­տա­նի տա­րած­քի կի­սա­վեր կամ ամ­բող­ջո­վին ոչն­չաց­ված ե­կե­ղե­ցի­նե­րում ու վան­քե­րում անհ­նար է ե­ղել հայ հոգևո­րա­կան­նե­րի ներ­կա­յութ­յու­նը: Այս պայ­ման­նե­րում Սա­սու­նի վե­րապ­րած քրիս­տոն­յա հա­յե­րը կրո­նա­կան ծե­սե­րի կա­տար­ման հար­ցում բախ­վել են լուրջ խո­չըն­դոտ­նե­րի: Միամ­տութ­յուն կլի­նի կար­ծել, թե Ցե­ղաս­պա­նութ­յա­նը հա­ջոր­դած տա­րի­նե­րին քրիս­տո­նեութ­յու­նը պահ­պա­նած սա­սուն­ցի­նե­րին հայ հոգևո­րա­կա­նով չա­պա­հո­վե­լը միայն Հա­յոց պատ­րիար­քութ­յան “ան­տար­բե­րութ­յուն”-ից է բխում: Պարզ է, որ պե­տա­կան լուրջ հսկո­ղութ­յու­նը թույլ չի տվել հայ հոգևո­րա­կան­նե­րին գալ պատ­մա­կան Հա­յաս­տա­նի տա­րածք­ներ, իսկ հազ­վա­դեպ գաղտ­նի այ­ցե­րին միշտ հետևել են ճնշում­ներ, բռնա­րարք­ներ:

Ա­հա այս­պի­սի պայ­ման­նե­րում գո­յատևած քրիս­տո­նեա­դա­վան սա­սուն­ցի­նե­րի կղզյակ­նե­րի հան­դեպ ար­դեն 1950-ա­կան­նե­րին սկսվում է իս­լա­մաց­ման ա­լի­քը: 1950-ա­կան­նե­րի վեր­ջին պե­տա­կան տար­բեր գե­րա­տես­չութ­յուն­նե­րի կող­մից հա­յե­րին իս­լամ ըն­դու­նե­լու կոչ-պա­հանջ է ներ­կա­յաց­վել, ո­րը, սա­կայն, հա­կազ­դե­ցութ­յուն է ա­ռա­ջաց­րել սա­սուն­ցի­նե­րի մի մա­սի շրջա­նում, ո­րոնք մեր­ժել են պար­տադր­ված կրո­նա­փո­խութ­յու­նը: Սա­կայն ճնշում­նե­րը շա­րու­նակ­վել են, ընդ ո­րում՝ դրան­ցում ընդգրկ­վել են նաև ու­ժա­յին կա­ռույց­նե­րը: Այս ա­մե­նի հետևան­քով քրիս­տոն­յա հա­յե­րի մի մա­սը, գո­նե ար­տա­քուստ, տե­ղի է տվել և ըն­դու­նել իս­լամ: Բռնի մե­թոդ­նե­րին զու­գա­հեռ թուր­քա­կան պե­տութ­յու­նը գոր­ծի է դրել նաև այլ մի­ջոց­ներ, և ա­ռանց հոգևո­րա­կա­նի հայ­կա­կան գյու­ղեր հա­ճախ սկսել են այ­ցե­լել մու­սուլ­մա­նա­կան ի­մամ­ներ, շեյ­խեր, ո­րոնք փոր­ձել են հա­մո­զել տե­ղի բնակ­չութ­յա­նը կա­մո­վին ըն­դու­նել իս­լամ, որ­պես­զի հնա­րա­վոր լի­նի կա­տա­րել ի­րենց ա­րա­րո­ղութ­յուն­նե­րը` հար­սա­նիք, կնունք, թա­ղում և այլն: Այս մե­թո­դը նույն­պես արդ­յունք է տվել, քա­նի որ հով­վա­պե­տից զրկված հա­յե­րը ստիպ­ված են ե­ղել դի­մել այդ քայ­լին: Սա­կայն ու­շագ­րավ է, որ ըստ մեր զրու­ցա­կից­նե­րի, ի­րենց ազ­գա­կից­նե­րի կրո­նա­փո­խութ­յու­նը միան­շա­նակ չի ըն­դուն­վել շրջա­պա­տի հա­յե­րի կող­մից, ո­րոնք ան­թա­քույց քննա­դա­տել են կրո­նա­փոխ­նե­րին: Եր­բեմն դա օգ­նել է իս­լա­մաց­ման դա­դա­րեց­մա­նը կամ ծա­վալ­նե­րի նվազ­մա­նը: Շա­րու­նակ­վող հա­լա­ծանք­նե­րը ստի­պել են Սա­սու­նի վե­րապ­րած հա­յե­րի մի մա­սին տե­ղա­փոխ­վել Ստամ­բուլ, մի մասն ըն­դու­նել է թուր­քա­կան պե­տութ­յան և ստեղծ­ված վի­ճա­կի պար­տադ­րած կրո­նը, մի մասն էլ վե­րած­վել է ծպտյալ քրիս­տոն­յա­նե­րի:

Տար­բեր աղբ­յուր­ներ ա­պա­ցու­ցում են, որ հան­րա­պե­տա­կան շրջա­նում հա­յե­րին պար­տադր­վել է կրո­նա­փոխ լի­նել նաև հար­կա­յին ան­հա­վա­սար բե­ռից խու­սա­փե­լու հա­մար: Մաս­նա­վո­րա­պես 1942թ. ըն­դուն­ված “Ու­նեց­ված­քի հարկ”[20]-ի մա­սին օ­րեն­քով նա­խա­տես­վում էր, որ հա­յե­րը պետք է վճա­րեին ի­րենց ունեց­ված­քը գե­րա­զան­ցող հար­կեր, ո­րը նշա­նա­կում էր լիա­կա­տար սննկա­ցում: Եվ ա­հա հենց այս ժա­մա­նա­կաշր­ջա­նում ար­ձա­նագր­վել են հա­յե­րի կրո­նա­փո­խութ­յան դեպ­քեր[21], ո­րոնք պար­տադր­վել են պե­տութ­յան և “օ­րենք­նե­րի” կող­մից:

Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յու­նում հա­յե­րի կրո­նա­փոխ­ման դեպ­քեր են ար­ձա­նագր­վել նաև ա­վե­լի ուշ շրջա­նում, մաս­նա­վո­րա­պես հայտ­նի է 1983թ. Սա­սու­նի Ա­ջար գյու­ղի ամ­բող­ջա­կան իս­լա­մա­ցու­մը[22]:

Այս ա­մե­նը փաս­տում է, որ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յու­նը շա­րու­նա­կել է Օս­ման­յան կայս­րութ­յան որ­դեգ­րած բռնի իս­լա­մաց­ման քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ո­րը, ի վեր­ջո, տվել է իր արդ­յունք­նե­րը, և այ­սօր պատ­մա­կան Հա­յաս­տա­նի տա­րած­քում` չհաշ­ված ա­ռան­ձին կղզյակ­նե­րը, բա­ցա­հայտ քրիս­տոն­յա հա­յեր գրե­թե չկան:

Այ­սօր էլ թուր­քա­կան մա­մու­լում եր­բեմն հայտն­վում են նյու­թեր, ո­րոնք փաս­տում են, որ Թուր­քիա­յի տար­բեր գա­վառ­նե­րում մնա­ցած հա­տու­կենտ քրիս­տոն­յա հա­յե­րի նկատ­մամբ չի դա­դա­րել իս­լա­մաց­ման քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ո­րին նպաս­տում են նաև հա­սա­րա­կութ­յան տար­բեր շեր­տեր: Այս­պես, թուր­քա­կան “Հյու­րիեթ” թեր­թի հրա­պա­րա­կում­նե­րից մե­կում նշվում է, որ Քաս­թա­մո­նո­ւի Քա­փաք­լը գյու­ղի բնա­կիչ, 53-ամ­յա Ա­սա­տու­րը 2004թ. իս­լամ է ըն­դու­նել` վերց­նե­լով Ահ­մեթ Քա­զե­րօղ­լու ա­նուն-ազ­գա­նու­նը: Նման քայ­լի է դի­մել նույն գյու­ղի մեկ այլ բնա­կիչ՝ 68-ամ­յա Նա­մըք Օզ­չե­լի­քը[23]: Ցա­վոք, հա­յե­րի կրո­նա­փո­խութ­յան նո­րօր­յա գոր­ծըն­թաց­նե­րում նկատ­վում են նաև հա­յաս­տան­ցի հա­յեր, ին­չը, սա­կայն ու­սում­նա­սի­րութ­յան այլ թե­մա է:

Ռուբեն Մելքոնյան

բանասիրական գիտությունների թեկնածու


[1] Խաչատրյան Ա., Հայերի մահմեդականացումը միջնադարյան Հայաս­տա­նում (8-15-րդ դդ.), Իրան-նամէ, Երևան, 1993, թիվ 1, էջ 26:

[2] Երեմեև Դ., Թուրքերի ծագումը, Երևան, 1975, էջ 139-143, 187-188; Кондакчян Р., Турция: внутреняя политика и ислам, Ереван, 1983, стр. 22-25.

[3] Ունգոր Ու., Կրոնափոխություն և փրկություն. Գոյատևման ռազմա­վա­րությունը Հայոց ցեղասպանության ընթացքում, Տեղեկագիր “Նորավանք” հիմնադրամի, Երևան, 2008, թիվ 22, էջ 107:

[4] Սիմոնյան Հ., նշված աշխ., էջ 337, մեջբերված է «Բիւզանդիոն»-ի 1909թ. ապրիլի 21-ի (մայիսի 4-ի) 3818 համարից։

[5] Matthias Bjornlund, “‘A fate worse than dying’ sexual violence during the Armenian genocide” (unpublished manuscript, 2006), p.18. մեջբերված, Ունգոր Ու., նշված հոդ., էջ 104:

[6] Dundar F., Modern Turkiyenin şifresi. İttihat ve Terakki’nin etnisite muhendisliği (1913-1918), İstanbul, 2008 (2-inci baskı), s. 301.

[7] Նույն տեղում, էջ 302:

[8] Նույն տեղում, էջ 303:

[9] Նույն տեղում, էջ 145:

[10] Նույն տեղում:

[11] Նույն տեղում, էջ 315:

[12] Նույն տեղում, էջ 323:

[13] Atay F., Zeytindağı, İstanbul, 1981, s.66.

[14] Ունգոր Ու., նշված հոդ., էջ 105։

[15] Նույն տեղում։

[16] Օտեան Ե., Անիծեալ տարիներ 1914-1919 (անձնական յիշատակներ), Երեւան, 2004, էջ 228-234։

[17] Jerjian G., Gercek Bizi Օzgur Kılacak, İstanbul, 2004, s. 104

[18] Тыркова А., Старая Турциа и младотурки, Петроград, 1916, стр. 138.

[19] Fr. Precheurs Hyac. Simon, 1915, Bir Papazın Gunluğu, İstanbul, 2008, s. 89.

[20] Այս մասին մանրամասն տե՛ս Մելքոնյան Ռ., “Ունեցվածքի հարկը” կամ տնտեսության “թուրքացման” քաղաքականությունը հանրապետական Թուրքիայում, Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություն­ներ, Երևան, 2008, էջ 127-143:

[21] Ալիք, 09,12,1981, նույնը տե՛ս նաև Խանլարեան Կ., Հայ բնակչութեան էթնոկրօնական վերակերպումները Թուրքիայի Հանրապետութիւնում (1923-2005թթ.), Անթիլիաս, 2009, էջ 74:

[22] Hofmann T., Armenians in Turkey today, Uppsala, (second edition), 2003, p. 18.

[23] Ermeni vatandaşlardan ‘soykırım’ tepkisi, Hurriyet, 26,4,2009.

Թողնել կարծիք

*