Հաճույքն ունեմ արևելագիտական ընկերակցությանը ներկայացնելու Արման Հակոբյանի՝ 2005 թ. Երևանում լույս տեսած «Դասական ասորերեն» դասագրքի՝ Ռուսաստանի խոշորագույն «ԱՍՏ-Պրես» հրատարակչության կողմից Մոսկվայում հրատարակված ռուսերեն թարգմանությունը («Классический сирийский язык»): Սա դասական ասորերենի՝ Քրիստոնեական Արևելքի կարևորագույն լեզուներից մեկի ռուսերենով լույս տեսնող առաջին դասագիրքն է, ուստի ռուսաստանցի արևելագետներն այսուհետև ասորերեն են սովորելու հայկական դասագրքով:
Դասագրքի հեղինակի՝ Արման Հակոբյանի հետ ինձ կապում է հոգևոր հարազատության և ստեղծագործական համագործակցության ավելի քան 20 տարիների պատմություն, նա խորապես կրթված, հանրագիտարանային գիտելիքների տեր և նուրբ բանասիրական ճաշակ ունեցող անձնավորություն է՝ հանգամանք, որն առավել քան գնահատելի է մեր ժամանակներում, երբ – ավա՜ղ – ամենուր տիրում է մակերեսայնությունն ու պարզունակությունը։ Հեղինակի այդ հատկություններն են, որ առաջ բերեցին հայ իրականության համար բացառիկ նշանակություն ունեցող երկու ֆունդամենհալ դասագրքերի՝ «Արդի եբրայերենի» և «Դասական ասորերենի» հրապարակ գալը։ Եվ ահա այս նոր կարևոր նվաճումը։
Ես հպարտ եմ, որ ուժերիս ներածի չափով կարողացել եմ օժանդակել հեղինակի ստեղծագործ գործունեությանը։ Արման Հակոբյանի ջանքերով է, որ ԵՊՀ արաբագիտության ամբիոնում 90-ականների սկզբին կազմակերպվեց արդի եբրայերենի դասավանդումը. տաս տարի անց իր և իր աշակերտների աշխատանքի արդյունքում սկսեցին գործել նախ «Սեմագիտություն», ապա ”Արաբական և սեմական լեզվաբանություն” մագիստրոսական ծրագրերը, որոնց շրջանակներում դասավանդվում են եբրայերենը, ասորերենը, սեմագիտական այլ դասընթացներ և հայ արևելագիտության պատմության մեջ առաջին անգամ մասնագետներ պատրաստվում այդ՝ մեզ համար անչափ կարևոր բնագավառում։
Տե՛ս նաև՝ http://astpress.ru/news.php?id=267


Շատ ուրախալի է ունենալ հայերեն դասագրքի թարգմանություն, որը կօգնի նաև օտար ուսանողներին և գիտնականներին: Առիթ եմ ունեցել սովորելու հեղինակի «Արդի եբրայերեն» դասագրքով, որը հիանալի է կազմված լեզվի ուսումնասիրության համար:
Ինքս անձամբ ծանոթ եմ հեղինակի “Արդի եբրայերեն” դասագրքին, որը, ինչ խոսք, մեծ ներդրում է սեմագիտության բնագավառում, առավելապես կարևոր է հենց որպես լեզվի ուսուցման դասագիրք լինելու արժեքը:
Շնորհավորում եմ պարոն Հակոբյանին գրքի տպագրության կապակցությամբ: Իսկապես շատ ուրախալի է, որ սեմագիտական հարուստ ավանդույթներ ունեցող կենտրոնում դասական ասորերենն այսուհետ ուսումնասիրվելու է նաև հայկական դասագրքով: Պետք է նշեմ, որ ուսումնառության, ապա դասավանդման ընթացքում ինձ հանդիպած բազմաթիվ դասագրքերից Արման Հակոբյանի հեղինակած «Արդի եբրայերեն» և «Դասական ասորերեն» ձեռնարկներն առանձնանում են մատուցվող նյութի համակարգվածությամբ և տեքստային այնպիսի բազայով, որն ապահովում է տվյալ լեզուների իմացության անհրաժեշտ բառապաշարը: