Հարգելի ընկերներ, այցելուների խնդրանքով տեղադրվում է “Orientalia” 9 պրակից հետևյալ հոդվածը` “ԱԶԱՐԻՆԵՐ. ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԻՊԸ”
ԱԶԱՐԻՆԵՐ. ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԻՊԸ
ՎԱՀԻԴ ՌԱՇԻԴՎԱՇ
ԵՊՀ, Իրանագիտության ամբիոն
Յուրաքանչյուր տարածքի էթնոլեզվաբանական նկարագրի վրա իր հետքն են թողնում պատմական բազմազան իրադարձությունները, որոնց թվում՝ ժողովրդագրական տեղաշարժերը, ռազմական հարձակումների հետևանքով այստեղ հայտնված այլալեզու և այլադավան ցեղերը և այլն։ Իսկ ազգային ինքնությունը որոշարկող անհրաժեշտ գործոնները՝ տվյալ միավորման ռասան ու մշակույթը, մնում են անփոփոխ և մեկ խմբի մեջ են միավորում էթնիկապես նույն մարդկանց:[1]
Սկզբում մարդկային ռասայի դասակարգումը հասարակագետները, մարդաբաններն ու ազգագրագետները կատարում էին ըստ աշխարհագրական և արտաքին հատկանիշների։ Սակայն աշխարհի էթնիկ քարտեզն այժմ այնքան բազմազան ու միախառնված է, որ միատարր ու մաքուր ցեղային տարածքների որոշարկումը համարյա անհնար է։ Իրանցի գիտնական Նասեր Ֆոքուհին այս առումով նշել է, որ մարդկային ցեղատեսակի որոշարկման համար միայն տարածքն ու մաշկի գույնը բավարար չէ։ Պետք է հաշվի առնել նաև այլ մարդաբանական գործոններ, ինչպես՝ մազերը, հասակը, գանգը, ծնոտոսկրերը, քիթը, աչքերի ձևը… ինչպես նաև՝ արյան խումբը:[2]
1965 թ. ամերիկացի ազգաբան Կարլետոն Կունը մարդկության մեջ տարորոշեց չորս ցեղային խումբ՝ կովկասյան ցեղեր, ավստրալիական ցեղեր, կոնգոյան ցեղեր և գափույան ցեղեր։ Ըստ ամերիկացի գիտնականի, այս ցեղերը միմյանցից միանգամայն տարբեր ու բազմածին են, իսկ մարդկային ընդհանուր սկիզբը հինգ տարբեր կենտրոններից, յուրաքանչյուրն առանձին ու մեկուսի կերպով, մոտավորապես 35000 տարվա ընթացքում զարգացել և վերածվել է Homo sapiens –ի:[3]
Մարդկային ցեղատեսակների դասակարգման փորձերը շարունակավեցին նաև հետագայում, որի արդյունքում, ըստ արեալային առանձնահատկությունների ու գենետիկական կապերի, մենք ունեցանք մարդկային ցեղի երկու տեսակ՝ արևմտյան և արևելյան խմբեր։ Արևմտյան ազգերի մեջ առավել ցայտուն էին համարվում նեանդենթալ և հայդելբերգ ցեղատեսակները, որոնք ունեին դեպի ետ ուղղված բարձր ճակատ, առաջ եկած ծնոտ և ամուր կմախք։ Հետագայում ի հայտ եկան մի շարք այլ ցեղատեսակներ ևս։ Այդ ընթացքում ի հայտ եկած ցեղատեսակներից էին նաև ալթյան և միջերկրածովյան տեսակները։ Ազգաբանների կարծիքով, միջերկրածովյան տեսակը եկել է հարավից, ունի կարճ հասակ, խորն ընկած աչքեր, սև մազեր ու ձվաձև դեմք։ Ալպյան տեսակին, որն ուներ արևելյան ծագում, հատուկ էր միջին հասակը, շագանակագույն աչքերն ու մազերը, կլոր գանգն ու դեմքը:[4]
Արևելյան ցեղատեսակներից ամենահայտնին սպիտակամորթներն էին, որոնք բաժանվում էին երեք՝ հնդեվրոպական, սեմական և քամական ճյուղերի։ Հնդեվրոպացիներն ապրում էին Հնդկաստանից Եվրոպա ընկած տարածքում, սեմական ցեղերը՝ Արաբիայում, Միջագետքում, Հյուսիսային Աֆրիկայում, իսկ քամական ցեղերի բնակության վայրի մասին կային տարակարծություններ. որոշ գիտնականներ կարծում էին, որ նրանք ապրում են Բաբելոնում և արևմտյան Ասիայում, մի մասն էլ նրանց հայրենիքն էր համարում Ասիայից Աֆրիկա ընկած տարածքը, Եգիպտոսն ու Լիբիան:[5]
Ինչպես հայտնի է, մարդաբանության մեջ հստակությամբ զատորոշվում են երեք հիմնական կամ մեծ ռասա՝ նեգրոիդ ռասա (սև), եվրոպոիդ ռասա (սպիտակ) և մոնողոլիդ ռասա (դեղին)։ Դեղնամորթերն Ասիայի բնակիչներն են, որոնց մի մեծ հատված տեղափոխվել է Եվրոպա։ Սպիտակամորթերը սփռված են Եվրոպայի մեծ մասում, Աֆրիկայի արևելքում, Արաբստանում, Իրանում, Հնդկաստանում, իսկ սևամորթների հայրենինք է Կենտրոնական Աֆրիկան։ Սակայն այս տարաբաժանումը կարող ենք հարաբերական անվանել, քանզի արդի մարդկության ոչ բոլոր խմբերեն են պատկանում այդ երեք ռասային։
Իրանի ցեղային–մարդաբանական կազմը. Իրանում տիրող այժմյան լեզվական, էթնիկ և մշակութային իրավիճակը կարելի է համարել իր տեսակի մեջ եզակի։ Իրանի ներկայիս հասարակության և դրա էթնիկ կազմի մասին ճիշտ պատկերացում կազելու համար հարկավոր է համակողմանի ճիշտ մոտեցում՝ ի նկատի ունենալով գիտության վերջին նվաճումներն ու ուսումնասիրությունները՝ պատմական, մարդաբանական, լեզվաբանական և այլն։
Համաժամանակյա կտրվածքով Իրանում ապրում են բազմաթիվ էթնիկ միավորներ, որոնք պետական լեզու համարվող պարսկերենի կողքին խոսում են իրենց բարբառով։ Ասել է թե, այս երկրում ապրող առավել, քան երեսուն էթնիկ միավորներից քսանը խոսում է իրանական բարբառով կամ լեզվով՝ ֆարսեր, լուրեր, մազանդարանցիներ, գիլանցիներ, թալիշներ, բելուջներ, քրդեր, ազարիներ և այլն։
Որոշ մոնղոլոիդ (թուրքմեններ) ու նեգրոիդ (բրահուիներ ու Պարսից ծոցի ափերի բնակիչներ) ցեղերից բացի, ԻԻՀ բնակչությունը համալրված է նաև կովկասյան ցեղատեսակներով, որոնք էլ բաժանվում են երեք ենթախմբի՝ հյուսիսային, ալպյան ու միջերկրածովային։ Այս երեք ենթատեսակներն էլ Իրանում ներկայացված են, սակայն առավել շատ տարածված է ալպյան կամ «կլորագլուխների» ենթատեսակը։ Վերջինս էլ բաժանվում է երկու ենթաճյուղի՝ արմենոիդ[6] և իրանոիդ։ Ազարիները, գիլանցիները, մազանդարանցիները և Խորասանի մի մասի բնակիչները մտնում են արմենոիդ ենթաճյուղի մեջ, իսկ կենտրոնական, հյուսիսարևմտյան, արևելյան ու հարավային Իրանի բնակչությունը համարվում է իրանոիդ։
Ավելի մանրամասն անդրադառնալով ազարիներին, նշենք, որ նրանք ապրում են Իրանի հյուսիսարևմտյան տարածքներում, Ղազվինում և, գլխավորապես, թյուրքախոս են։[7] Պատմության ընթացքում արձանագրված թուրք–մոնղոլական ու արաբական նվաճողական քաղաքականությունը, թվում է, պետք է իր հետքը թողներ այս տարածքի բնակիչներ ազարիների ժողովրդագրական ու մարդաբանական պատկերի վրա։ Պետք է նշենք, ոչ միայն ազարիների, այլ, ընդհանրապես, բացի մոնղոլոիդներից ու արաբներից, որոնք Իրան են եկել իսլամի տարածումից հետո, Իրանում իշխող ցեղային ողջ պատկերը նույնությամբ պահպանվել է դեռևս մինչարիական շրջանից։ Թուրքերի ու մոնղոլների մուտքն Իրան և նրանց ֆիզիկական տվյալները` աչքերի ներքևի հատվածների փքվածությունը, այտերի ուռուցիկությունը, նեղ աչքերը, լայն ու փռված դեմքը, մարմնի մազածածկույթի բացակայությունը, որևէ կերպ չեն արտացոլվել տեղաբնակների մեջ։ Իսկապես, հիմա Իրանում թյուրքական բոլոր մարդաբանական պարամետրերին համապատասխանում են միայն թուրքմենները, նույնիսկ թուրք–ղաշղայիները որոշակիորեն իրանական տեսք են ստացել։
Ատրպատականում մեր կողմից կատարված դաշտային ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվեց, որ այս տարածքի բնակչությունը մեծամասնաբար սպիտակամորթ է, հանդիպում են նաև ցորենագույն մաշկով բնակիչներ։ Իսկ Քանդովան գյուղի բնակիչները, գլխավորապես, առանձնանում էին սպիտակագույն մաշկով։ Նույնը նկատվեց նաև Ատրպատականի հյուսիսային տարածքներում՝ Շաբեսթար, Սուֆիան բնակավայրերում, ինչը կարելի է ասել նաև Ահար շահրեստանի բնակչության մասին։
Մազերի գույնն Ատրպատականի հյուսիսային տարածքների բնակչության շրջանում հիմնականում մուգ դարչնագույն է, հատուկ է խիտ մազածածկույթը։ Ունեն լայն ու բարձր ճակատ, իրար մոտ գտնվող մուգ աչքեր։ Բնակչության 90 տոկոսն ունի նետաձև հոնքեր, իսկ 60 տոկոսի հոնքերը թավ են և խիտ։ Այս տարածքների բնակչությունն ունի մեծ ու արծվաձև քիթ՝ դեպի ներքև ուղղված քթածայրերով, փոքր քթեր շատ քիչ քանակությամբ հանդիպում է կանանց մոտ։ Հասակի մասին ասենք, որ այն տատանվում է 160-190 սմ միջև, իսկ լեռնային շրջանի բնակիչները նիհար են ու մկանուտ, կլոր գլուխներով ու 80-81 սմ չափով գանգերով։ Այս տարածքի բնակիչների մասին խոսելիս, հարկ ենք համարում անդրադառնալ նաև վաղ իսլամական շրջանում այստեղ բնակություն հասատատած արաբներին, որոնք կազմում են բնակչության միայն հինգ տոկոսը։ Իսկ մարդաբանական տվյալներով նրանք չեն տարաբերվում ազարիներից՝ սև և կապույտ աչքեր, բարձր ու լայն ճակատ, նետաձև հոնքեր, սև ու մուգ, թավ մազեր։
Ատրպատականի բնակչության՝ ազարիների մարդաբանական այս քննությունը ևս մեկ անգամ էլ ապացուցում է նրանց տարբերությունը թյուրքական տարրից։
[1] Sa’idyan Abdolhoseyn, Mardomān-e jahān, 1370, Tehran, 11
[2] Fokūhi N., Pārehāye ensānšenāsi, Tehran, 1385, 89
[3] Xāneqāh A., Kamālī M., Ensānšenāsi-ye omumī, Tehran 1384, 126
[4] Sa’idyan Abdolhoseyn, Sarzamin va mardom-e Irān, Tehran, 1383, 71
[5] Pīrnyā H., Irān-e bāstān, Tehran 1370, 57
[6] Արմենոիդ ցեղատեսակի հիմնական առանձնահատկությունները հստակ արտացոլված են Կովկասում բնակվող հայերի մեջ, որոնց անունից էլ առաջացել է այս ենթատեսակի անունը։
[7] Ցավոք, մինչ այժմ, հատկապես հասարակ ժողովրդի շրջանում, թյուրքախոսությունը դարձել է ազգային ինքնագիտակցության հիմնական միջոցը և նրանցից շատերն իրենց թյուրք են անվանում՝ չնայած զտարայուն իրանցիներ լինելուն։

