Home » Ուսումնական » Կրթական ծրագրեր կազմելու ուղեցույց

Կրթական ծրագրեր կազմելու ուղեցույց

The Tuning Guide_final!!! 1Հավանաբար շատերը կհամաձայնեն, որ մեր կրթական համակարգի ամենաթույլ կողմը  պատշաճ կերպով կազմված և  իրականացվող կրթական ծրագրերի բացակայությունն է։ Ուսանողներին, թերևս, ծանոթ մի իրավիճակ է, երբ միևնույն ծրագրում ընդգրկված դասընթացները կարծես թե բոլորովին էլ կապակցված չեն մեկը մյուսին կամ դասընթացներից մեկը ակնհայտորեն հետաքրքիր է և տեղավորվում է մասնագիտական հիմնական նպատակի ընկալման շրջանակում, իսկ մյուսի առնչությունը այդ նպատակին հասկանալի չէ։ Այդ ամենի հիմքում ընկած է նախևառաջ այն, որ ուսումնական ծրագիրը ճիշտ չէ կառուցված՝ դասընթացների ընտրությունը պատահական բնույթ է կրել, հստակ չեն ձևակերպվել ծրագրի հիմնական նպատակը և կրթական այն վերջնարդյունքները, որոնք ծրագիրն իրականացնող մասնագիտական կոլեկտիվը (դասախոսական կազմը) ակնկալում է ուսանողներից ուսումնառության շրջանի հաջող ավարտին։ Այդ վերջնարդյունքներն ընդունված է ձևակերպել այսպես կոչված կոմպետենցիաների տերմիններով, այսինքն՝ ծրագիրը կազմելիս անհրաժեշտ է հստակ պատկերացնել և նկարագրել այն, ինչ պետք է գիտենա/իմանա, հասկանա և/կամ ի վիճակի լինել կատարելու ուսանողը բարձրագույն կրթության այս կամ այն շրջափուլի (բակալավրի կամ մագիստրոսի) կրթական ծրագիրը հաջողությամբ յուրացնելիս։ Կոմպետենցիաների ձևավորումն ու զարգացումը ցանկացած արդիական կրթական ծրագրի առանցքն է։

Այդ բացը լրացնելու և Հայաստանի բուհերին նոր սերնդի կրթական ծրագրեր մշակելու համար օժանդակություն ցուցաբերելու նպատակ է հետապնդում Ա.Բուդաղյանի և Ս.Կարաբեկյանի՝ ”Կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերի կառուցում և իրականացում” մեթոդական ուղեցույցը։ Աշխատանքը կատարվել է Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնում ՝ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ – Հայաստանի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել որպես մեթոդական ուղեցույց ՀՀ բուհերի համար, իսկ հրատարակությունն իրականացվել է Tempus ծրագրի Հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակին կարելի է ծանոթանալ http://www.osi.am/pdf/Tuning_Guide.pdf կամ http://www.tempus.am/Tempus%20HERE/Guide_HERE.pdf հասցեներով։

Նշումներ`

Թողնել կարծիք

*