Գիտե՞ք, նույնիսկ վախենում եմ, որ արդյունքում պարզվի, թե այս հոդվածի հեղինակը ճանաչված ու, միգուցե, նույնիսկ շատերի կողմից հարգված մի մարդ է:
Վերջերս էր, որ մի գրառման մեջ հղում էի տվել Սամվել Կարաբեկյանի գրած փոքրիկ, ազատ ու «բլոգերային» ոճով գրված նյութին, որը հայտնվել էր մեր` արեւելագետներիս կողմից ստեղծված այս բլոգում: Այն ժամանակ կարճ զրույց-բանավեճ էլ կար. մի քանի մեկնաբանություններ իմ, Սամվել Կարաբեկյանի եւ
ahousekeeper -ի կողմից: Ափսոս, որ այնտեղ ամեն ինչ անավարտ մնաց: Ինքս էլ, կարդալով սկզբնական նյութը, համաձայն էի հաղորդագրության բուն իմաստի հետ, իսկ այն, որ տեքստում նկատելի էր հեղինակի անձնական վերաբերմունքը կամ ներհամալսարանական հարաբերությունների փորձը ինձ չէր խանգարում մի կողմ դնել եւ ինձ համար գրեթե անծանոթ պարոն Կարաբեկյանին, եւ քաջ ծանոթ պարոն Մելիքյանին ու մտածել, զուտ որպես նույն ֆակուլտետի նոր շրջանավարտ եւ ֆակուլտետի հետ կապը չկորցրած երիտասարդ, գրառման մեջ արծարծվող խնդիրների մասին:
Այն, որ ԵՊՀ-ում կամ գոնե մեր ֆակուլտետում (որպեսզի ինձ համար անծանոթ ֆակուլտետների մասին գուշակություններ չանեմ) շատ բաներ կան, որ ցանկալի կամ անհրաժեշտ է, որ բարելավվեն, փոխվեն, ավելացվեն կամ ընդհանրապես արմատախիլ արվեն, շատերին է հայտնի: Ու հենց այս առումով էլ ողջունելի է այն փաստը, որ ի սկզբանե հիմնականում ուսանողների կողմից ստեղծված բլոգին շուտով միացան նաեւ մեր ավագ ընկերները, ուսուցիչները, դասախոսները` իրենք էլ իրենց կարծիքը հայտնելով, մեկնաբանելով կամ հոդվածներ գրելով:
Եվ ահա հիմա` շաբաթներ անց, հայտնվում է անանուն մեկը, որ ոչինչ չի ասում բացի նրանից, որ էժանագին վիրավորանքներ է թափում թե Սամվել Կարաբեկյանի, թե մեր` ուսանողներիս հասցեին: Ինչ խոսք, հեղինակի հայերենը լավն է, հարուստ ու ճոխ է, տեքստը կհետաքրքրի բոլոր նրանց, ում հետաքրքրում է այսպիսի ոճը: Սակայն դրանից բացի այլ արժեք հոդվածը չի պարունակում: Նորից, բնականաբար, հայրենասիրության խաղաքարտն է կիրառվում, նորից ծեծված «օտարամոլությունն» է շեշտվում ու նույնքան ծեծված «հայրենասիրությամբ» դրդված էլ, հավանաբար, հեղինակը կառչում է նույնիսկ Կարաբեկյանի ազգանունից. «Այո՛, էությամբ իր ազգանվանը համահունչ այդ սեւ եւ բեկ (բեկված, շեղված ու խեղված իմաստով) խառնածին արարածի խծբծանքին կարելի էր եւ չպատասխանել»: Դե ինչ, կարելի է մտածել, որ հայերիս կեսից ավելիին կարելի է այսօր ծաղրել նրա համար, որ մեկի ազգանունն Ալլահվերդյան է, մյուսի հայրանունը` Քյարամի, երրորդի հայրենի գյուղն էլ մինչեւ հիմա խոսակցական լեզվում Բոզիգեղ կամ Համզաչիման է կոչվում:
Հենց առաջին տողում արդեն հղումը տվեցի, այնտեղ ավելի մանրամասն կարելի է կարդալ, թե ինչպես արեւելագետը դառնում է ճնճղուկ, գարշահոտ խլուրդ, նրա ֆակուլտետի ուսանողները` օտարամոլ թռչնիկներ եւ այլն: Ավելի ստույգ` «զիգզագ կիսափափկասուն ու մյուս «բուրավետ» թռչնակներ»:
Գրում է ու գրում: Իսկ հարցի քննարկումն այդպես էլ մնում է մի կողմ: Պետք է հավելեմ, իհարկե, որ, այնուամենայնիվ, մի սխալ թույլ է տրվել մեր կողմից: Դրա մասին էլ անանուն գռեհիկը գրում է իր հոդվածի սկզբում. մեր ընկերների կողմից հեռացվել է նրա կամ նրա համախոհներից ինչ-որ մեկի մեկնաբանությունը: Սա, ըստ ինձ, չպետք է արվեր, թեեւ ինքս ծանոթ չեմ մեկնաբանությունների պարունակությանը, ու եթե դրանք էլ այս նույն տեքստի պես աղբ էին ընդամենը, ապա կարելի էր եւ այդպես վարվել: Ամեն դեպքում, ես կողմ եմ բաց քննարկումներին:
Վերջում էլ հավելեմ, որ տարօրինակ է հեղինակի անունը չնշելը: Ինչի՞ց է վախենում: Երեւի թե նրանից, որ օտարամոլ ճնճղուկներով կարող էինք հավաքվել ու հակահայ շամանների օգնությամբ իրեն մի ցավ պատճառել: Բայց, անկեղծ եմ ասում, էդպիսի բաների ձեւը չգիտենք:


Նախ, ցանկանում եմ իմ խորին ափսոսանքը հայտնել անանուն “ԲԱՆԱՍԵՐ”-ի նկատմամբ, քանզի բանն ու խոսքը սիրողը դժվար թե գրականության “դեմ” արտահայտվելը գիտակցեր նման խստաբարո և անարգել խեղաթյուրված իմաստով: Նշեմ, որ Հայ Գրականությունը մեզանում արմատավորված է դեռ մանկությանը, պատանեկությանը, երիտասարդությանը և ողջ կյանքին համաքայլ, ցանկացած կիրթ և համաշխարհային գոհարներին ծանոթ կամ, նույնիսկ, անծանոթ հայ, իմ կարծիքով, քաջատեղյակ է հայրենի գրականությանը և, ուստի, բնավ անհրաժեշտ չէ արևելագետի համար 3-րդ, 4-րդ, նույնիսկ 2-րդ կուրսերում հավելյալ ժամաքանակներ ավելացնել` ոմանց աշխատաժամերին հագուրդ տալու համար: Նշեմ, որ ինքս ներկա պահին վերընթերցում եմ Դերենիկ Դամիրճյանի պատմվածքները: Մի շատ կարևոր հանգամանք ևս. բարձրաձայն խորհրդածության մղված անանուն “ԲԱՆԱՍԵՐ”-ը պետք է նաև անթաքույց բարձրաձայներ իր անձի մասին, որը հնարավորություն կընձեռեր այդքան “քաջ ու մտահոգված” երիտասարդին կամ, գուցե, տարեցին պատասխանել մի շարք հետաքրքիր հարցերի, ասենք, ով է հայը, կամ թե, ինչպես և ինչպիսի մարդկային նկարագրով ուսանողներին կարելի է ուղեկցել դեպի որևէ հուշահամալիր ազգային տխրության օրերին… Անդրադառնալով բակլայի և արտի պատմությանը, պետք չէ մոռանալ, որ ցանկացած արտատեր և, բնականաբար, արտից օգտվող գերադասում է համտեսել ու ճաշակել առողջ ու անվանակիր բերք: Իսկ հանդուրժողականության սկզբնական ու ելակետային դրույթը անձնական վիրավորանքներից զուրկ ու հոգեկան հավասարակշռությունից բխող վարքն է (տես բացատրական բառարաններում – толерантность – терпимость к чужим взглядам, верованиям, образу жизни и т. п.; в ситуации нынешнего религ. плюрализма: уважение и терпимое отношение одних общин к взглядам других):
Ի դեպ, հայ գրականությունն այդքան “մեծարող և սիրող ջատագովը” դժվար թե հայ գրականությունից նման դասեր քաղեր` անանուն կերպով վատաբանել ու հայհոյախառը փնովել նույն` հայ ազգի մեկ այլ ներկայացուցչի, ինչը վերոնշյալ հանդուրժողականության անհանդուրժելի կռվանն է: Արևելագիտության ամուր և ակադեմիական հիմքերը Հայաստանում կասկածի տակ առնելը, առնվազն, միամտություն է և զավեշտական, գուցե հոդվածագիրը տեղյակ չէ վերջին տարիներին Հայաստանում անցկացված միջազգային լայն ընդգրկում ունեցող կոնֆերանսների, արևելագիտական հայաստանյան և միջազգային մեծ համարում ունեցող գիտական հրատարակությունների մասին… Կարող եմ ուղեկցել նրան արևելագիտության լաբիրինթով և ամենայն մանրամասնությամբ նրա առջև բացել Հայաստանում արևելեգատիտության, իմ դեպքում` իրանագիտության ողջ գանձերը, իսկ առավել լայն ցանկության դեպքում իմ արաբագետ և թուրքագետ կոլեգաների հետ մեկտեղ նրան տեղյակ կպահենք Հայաստանում արևելագիտության ձեռքբերումների մասին: Չիմացությունը դեռևս մարդկային աղետներից սարսափելիագույնը չէ…
Վերջում կցանկանայի կոչ հղել առ իմատություն, քանզի իմաստությունը քարկոծելու և անվայելուչ արտահայտությունների հետ որևէ աղերս չունի և, ինչպես ժամանակին ասել է մտածողներից մեկը, ցանկացած ծայրահեղություն թերիմացության արդյունք է:
Կարաբեկյանն ինձ երբեք դուր չի եկել ո’չ որպես դասախոս, ո’չ էլ մարդ. բայց այս անանուն դատարկաբանությունը կարդալով, սկսեցի գոնե հարգել նրան: Թխվել է բանասիրական ֆակուլտետում` պարզ է` մեր ֆակուլտետից ում նավոդկայով: Ճիշտն ասած` պարզ էլ չէ, թե խոսքն ինչի մասին է, բայց վստահ եմ` հայ գրականությունն ու լեզուն արատավորող այդ մարդկանց գրպանին են կպել, թե չէ նրանք ուր, հայ ազգի ու մշակույթի շահերն ո’ւր … Մի քանի կոպեկով ուսանողին թվանշան նշանակող այդ կիսագրագետ պորտաբույծները 50 դոլարով ամեն սրբություն կծախեն, հիմա իբր հայերենի շահերն են պաշտպանում: Ամոթ, ամոթ…
Միանգամայն համամիտ եմ Նարինեի հետ…
Խաշի ու խորովածի բուղի տակ է գրվել այս հիմարությունը` կեղծ հայրենասիրական կենացների ու ռաբիզ կլկլոցների ուղեկցությամբ: Մեկը` համեմատաբար «գրագետը» գրին է տվել` իր ճապաղ մտքերը, մյուսներն էլ` արաղը պարպելուն ու չալաղաջի յուղոտ կտորները խժռելուն զուգահեռ, «խմբագրել» են բանասիրական ֆակուլտետի իրական մակարդակն ու ողբալի վիճակն արտացոլող այս գլուխգործոցը: Ազգի փրկչի հերոսական կեցվածք ընդունած այս մարդիկ գոնե համարձակություն չեն ունեցել ներկայանալ: Վայ մեզ ու մեր մշակույթին:
Այն, որ մինչ վերջերս բոլորն ենթադրում ու խոսում էին, թե ինչ ողբալի վիճակում է հայագիտությունը Հայաստանում, ցցուն կերպով «նկարազարդվեց» անանուն «բանասերի» անգրագետ հոդվածով` իմաստազուրկ բառերի կույտ, դատարկ սպառնալինքերով ու սին «հայրենասիրական» կարգախոսերով մի տեքստ: Այս դատարկաբանությունը նաև ցույց է տալիս, թե ինչպիսի բարոյական մթնոլորտ է իշխում իրենց հայագետի ու բանասերի բարձր տիտղոսով օժտած մարդկանց շրջապատում: Դեգրադացիա, մի խոսքով…
Մելիքյանին միշտ համակրել եմ իր կնամեծար վարմունքի ու տղամարդուն վայել առատաձեռնության համար, բայց ի՞նչ գործ ունի նա այս կոռումպացված էլեմենտների հետ, որոնք հայ գրականությունը դարձրել են չալաղաջի ու խաշի հոմանիշ: Պատահական չէ, որ վախեցել են ստորագրել իրենց բարբաջանքի ներքո:
Նարինե, էստեղ Կարաբեկյանի հարց էլ չէ, դրանից սկսենք, ու էդ առումով համաձայն եմ ձեզ հետ: Ընդամենը իրեն բանասեր անվանողի կողմից անընդունելի ու իրոք որ ներկայիս ընդհանուր պատկերը ցույց տվող աղբն է, որ բարկացնում է:
Հարգելիներս, բոլորիդ հետ հիմնականում համաձայն եմ: Մի հարց` ըստ ձեզ, ինչ կարելի է անել ու ինչպես կարելի այս իրավիճակում փոփոխություններ, որեւէ դրական բան անել: Ինկատի ունեմ նախ իսկզբանե բարձրացված հարցը եւ հետո այս կոնկրետ դեպքը, երբ որ երկրում լայն տարածում ունեցող թերթերից մեկը, համագործակցելով անանուն վախկոտների հետ, հրապարակում է էսպիսի զրպարտություններ ու հենց մեզ էլ` ուսանողներիս անիմջապես վիրավորում: Նորմալ երկրում ու նորմալ օրենսդրական դաշտի պայմաններում կարող էինք նաեւ դատարանի միջոցով պահանջել, որ հեղինակը նախ ի հայտ գա ու հետո էլ ներողություն խնդրի: