Նախ, ցանկանում եմ իմ խորին ափսոսանքը հայտնել “Ազգ” օրաթերթի 29.06.2010 համարի անանուն “ԲԱՆԱՍԵՐ”-ի նկատմամբ, քանզի բանն ու խոսքը սիրողը դժվար թե գրականության “դեմ” արտահայտվելը գիտակցեր նման խստաբարո և անարգել խեղաթյուրված իմաստով: Նշեմ, որ Հայ Գրականությունը մեզանում արմատավորված է դեռ մանկությանը, պատանեկությանը, երիտասարդությանը և ողջ կյանքին համաքայլ, ցանկացած կիրթ և համաշխարհային գոհարներին ծանոթ կամ, նույնիսկ, անծանոթ հայ, իմ կարծիքով, քաջատեղյակ է հայրենի գրականությանը և, ուստի, բնավ անհրաժեշտ չէ արևելագետի համար 3-րդ, 4-րդ, նույնիսկ 2-րդ կուրսերում հավելյալ ժամաքանակներ ավելացնել` ոմանց աշխատաժամերին հագուրդ տալու համար: Նշեմ, որ ինքս ներկա պահին վերընթերցում եմ Դերենիկ Դամիրճյանի պատմվածքները: Մի շատ կարևոր հանգամանք ևս. բարձրաձայն խորհրդածության մղված անանուն “ԲԱՆԱՍԵՐ”-ը պետք է նաև անթաքույց բարձրաձայներ իր անձի մասին, որը հնարավորություն կընձեռեր այդքան “քաջ ու մտահոգված” երիտասարդին կամ, գուցե, տարեցին պատասխանել մի շարք հետաքրքիր հարցերի, ասենք, ով է հայը, կամ թե, ինչպես և ինչպիսի նկարագրով ուսանողներին կարելի է ուղեկցել դեպի որևէ հուշահամալիր ազգային տխրության օրերին… Անդրադառնալով բակլայի և արտի պատմությանը, պետք չէ մոռանալ, որ ցանկացած արտատեր և, բնականաբար, արտից օգտվող գերադասում է համտեսել ու ճաշակել առողջ ու անվանակիր բերք: Իսկ հանդուրժողականության սկզբնական ու ելակետային դրույթը անձնական վիրավորանքներից զուրկ ու հոգեկան հավասարակշռությունից բխող վարքն է (տես բացատրական բառարաններում – толерантность – терпимость к чужим взглядам, верованиям, образу жизни и т. п.; в ситуации нынешнего религ. плюрализма: уважение и терпимое отношение одних общин к взглядам других):
Ի դեպ, հայ գրականությունն այդքան “մեծարող և սիրող ջատագովը” դժվար թե հայ գրականությունից նման դասեր քաղեր` անանուն կերպով վատաբանել ու հայհոյախառը փնովել նույն` հայ ազգի մեկ այլ ներկայացուցչի: Իսկ արևելագիտության ամուր և ակադեմիական հիմքերը Հայաստանում կասկածի տակ առնելը, առնվազն, միամտություն է և զավեշտական, գուցե հոդվածագիրը տեղյակ չէ վերջին տարիներին Հայաստանում անցկացված միջազգային լայն ընդգրկում ունեցող կոնֆերանսների, արևելագիտական հայաստանյան և միջազգային մեծ համարում ունեցող գիտական հրատարակությունների մասին… Կարող եմ ուղեկցել նրան արևելագիտության լաբիրինթով և ամենայն մանրամասնությամբ նրա առջև բացել Հայաստանում արևելեգատիտության, իմ դեպքում` իրանագիտության ողջ գանձերը, իսկ առավել լայն ցանկության դեպքում իմ արաբագետ և թուրքագետ կոլեգաների հետ մեկտեղ նրան տեղյակ կպահենք Հայաստանում արևելագիտության մասին: Չիմացությունը դեռևս մարդկային աղետներից սարսափելիագույնը չէ…
Վերջում կցանկանայի կոչ հղել առ իմատություն, քանզի իմաստությունը քարկոծելու և անվայելուչ արտահայտությունների հետ որևէ աղերս չունի և, ինչպես ժամանակին ասել է մտածողներից մեկը, ցանկացած ծայրահեղություն թերիմացության արդյունք է:

