Home » Ուսումնական » “Շահնամեի” հայկական տարբերակները, համառոտ ակնարկ

“Շահնամեի” հայկական տարբերակները, համառոտ ակնարկ

Բոլորն էլ գիտեն, որ մենք` հայերս, ունենք մեր ազգային էպոսը` “Սասնա ծռերը”, իսկ մեր հարևանները` իրանցիները իրենցը` “Շահնամեն” և առաջին հայացքից կարծես, թե դրանք իրար հետ ոչ մի կապ չունեն. մեկը մի ազգի մշակույթ, սովորություններ, ավանդություններ է ներկայացնում, մյուսը մեկ այլ ազգի: Սակայն քչերին է հայտնի, որ հայերս ունենք նաև “Շահնամեի” հայերեն, հայկական տարբերակներ: Այո, հայկական տարբերակներ ամբողջովին համեմված հայկական շնչով ու ոգով, հայկական հերոսներով` իրանականի հետ շաղկապված:
Ճիշտ է, այստեղ չեմ կարողանա նյութն ամբողջովին ընդգրկել, քանզի բավականին ծավալուն է, բայց կաշխատեմ հնարավորին չափ պարզ և հասկանալի ներկայացնել այն ձեր ուշադրությանը:
Ինչպես նշվեց, Հայաստանում առկա են “Շահնամեի” մի շարք հայկական պատումներ: Այդ պատումները, չնայաց որ Հայաստանւմ պատմվել են 11-րդ դարից սկսաց, սակայն ուսումնասիրողների ուշադրությունը իրենց են բևեռել միայն 19-րդ դ.-ի վերջերից: Ներկայացնեմ դրանք ըստ ժամանակագրական հերթականությամբ.
Առաջին պատումը,որն իրենից ներկայացնում է մի փոքր հեքիաթանման զրույց և կոճչվում է “Սալմանն ու Ռոստոմն”, գրի է առել հայ նշանավոր բանահավաք, հայկական բանահյուսական մտքի “ռահվիրա” Հովհաննես Սադենցը կամ ինչպես հայտնի է ընթերցող հասարակությանը Գարեգին Սրվանձտյանցը 1884թ. Ստամբուլում հրատարակած իր “Համով-հոտով” աշխատությունում` “Քանի մը հեքիաթներ” ընդհանուր վերնագրի տակ:
Հաջորդը (ժամանակագրական առումով) Բագրատ Խալաթյանցն է, ով իր հավաքած պատումները զետեղել է 1901թ. Փարիզում լույս տեսած “Իրանի հերոսները հայ ժողովրդի մեջ” աշխատությունում:
Այնուհետև, 1903թ. –ին “ Էմինյան Ազգագրական ժողովածուի” 5-րդ հատորում, որն այլ կերպ կոչվում է նաև “Հայ-քրդական” վեպ, լույս են տեսնում ավագ սերնդի մեկ այլ նշանավոր բանահահավաքի` Սարգիս Հայկունու հավաքած պատումները:
Հաջորդ պատումը, որ լույս է տեսնում 1905թ.-ին Թիֆլիսում, դա Գարեգին Հովսեփյանի կողմից գրառած տարբերակն էր: Այն սկզբնապես լույս է տեսել “Ազգագրական հանդեսում”, այնուհետև` որպես առանձին գիրք “Ռոստամ-Զալ” վերնագրով:
Մյուս պատումը Երվանդ Լալայանի Գրառումն է, որը հրատարակվել է “Ազգագրական հանդեսի” 14-րդ համարում 1906թ. “Ռոստամ-Զալ” վերնագրով:
“Շահնամեի” հայկական պատումների ուսումնասիրությունը սրանօվ ընդհատվում է մինչև ետխորհրդային շրջան, երբ Կարո-Մելիք Օհանջանյանը 1934թ.-ին “Ֆիրդուսի” ժողովածույում` “Ռոստամ-Զալ” վերնագրով: Մելիք-Օհանջանյանից հետո ,մինչև այժմ դեռ ոչ մի պատում չի հայտնաբերվել և հրատարակվել:
Այս պատումները, իհարկե, Ֆիրդուսու “Շահնամեի” ամբողջական ամփոփումը չեն: Այլ հայ ասացողների շրջանում վկայված են իրանական ազգային էպոսի, կարելի է ասել, մի ծաղկաքաղ` հարմարեցված մեր ազգային պահանջներին, աշխարհընկալմանը և բանահըուսական մտքին: Դրանք հիմնականում նվիրված են “Շահնամեի” գլխավոր հերոսին` Ռոստամին: Չնայած կան նաև դաստաններ` նվիրված Սիավուշին, Բեժանին և Մանիժեին, Բարզեին (Սոհրաբի որդին) և այլոց:
Այս ամենը վկայում է այն, թե ինչքան հարազատ է եղել Ռոստամը մեզ` հայերիս համար` իր գերբնական հատկություններով, բարությամբ, ազնվությամբ, արդարությամբ և բազմաթիվ այլ գործոններով այնքան մոտ է եղել մեր ժողովրդական պահանջներին, որ հայոց մեջ սիրվել ու գնահատվել է` արդեն իսկ համարվելով մեր բանահյուսական մտքի լավագույդ դրսևորումներից մեկը:

6 կարծիք >> " “Շահնամեի” հայկական տարբերակները, համառոտ ակնարկ "

  1. Diana.Hovhannisyan says:

    Հարգելի´ Ահարոն,
    Շնորհակալ եմ հետաքրքիր, միաժամանակ, կարևոր անդրադարձի համար: Անշուշտ, երկու ժողովրդի էպոսներն ունեն շատ ընդհանրություններ և, իհարկե, տարբերություններ:
    Ասեմ ավելին, «Շահ-նամե»-ի ուսումնասիրման համար առանձնակի նշանակություն ունեն հայ մատենագիրների հաղորդումները. էպոսի տարբեր մոտիվներ իրենց անդրադարձն են գտել հայ մատենագիրների, մասնավորապես, Ագաթանգեղոսի, Փ.Բուզանդի, Մ. Խորենացու մատյաններում:
    Այս առումով, առանձնակի նշանակություն ունեն Ավ. Շահսուվարյանի «Շահ-նամեն և հայկական աղբյուրները» (Ե.,1967թ.), Կ.Մելիք-Օհանջանյանի «Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիվները «Շահ-նամե»-ում ու հայ մատենագրության մեջ» (Ե., 1934թ.) ուսումնասիրությունները:

  2. Ահարոն says:

    Շնորհակալություն ուշադրության համար, հարգելի Դիանա, ինչպես նաև կարևոր տեղեկությունների համար, չնայած այդ աղբյուրների մասին տեղյակ եմ և ուսումնասիրել եմ դրանք:
    Ցանկանում եմ այս նյութը ավելի խորությամբ և լայն ծավալով ներկայացնել ընթերցող հասարակության ուշադրությանը և կուզեի իմանալ Ձեր կարծիքը այդ մասին:

  3. Diana.Hovhannisyan says:

    Հարգելի´ Ահարոն,
    Շնորհակալ եմ նաև ես:
    Ներկայումս, ամենատարբեր հանգամանքների պատճառով, ի ցավոք սրտի, հայ-իրանական գրական առնչությունների ուսումնասիրումն երկրորդական պլան է մղված:
    Խնդրի առավել լայն մեկնաբանումը շատ ողջունելի է. կան հարցեր, որոնք ժամանակային սահմաններ չեն ճանաչում, և ամեն անգամ դրանց յուրովի լուսաբանումը կարող է հետագա, շատ ավելի խորը հետազոտությունների, ինչու` ոչ, բացահայտումների հիմք դառնալ:

  4. Ահարոն says:

    Այսինքն, ըստ Ձեզ, հարգելի Դիանա, արժի զբաղվել այդ գործով: Շատ շնորհակալ եմ: Այս պահից սկսած ձեռնամուխ եմ լինում այդ գործին:

  5. Sergey.. says:

    Հարգելի Դիանա’,
    Շատ ողջունելի է երիտասարդ գիտական մտքի ներկայությունը հայ արևելագիտության մեջ:
    Մենք բոլորս գիտենք, որ լեզուն, անցնելով զարգացման տարբեր փուլեր, միշտ ձգտում է պարզության: Սակայն երկար տարիներ ուսումնասիրելով հայերենը, երբևէ չեմ հանդիպել “ի ցավոք սրտի” արտահայտությանը: Կխնդրեի պարզաբանեիք ինձ համար, թե լեզվաբանական որ նվաճումնների արդյունքում է հայոց լեզուն հարստացել այսօրինակ արտահայոտւթյամբ:

  6. Diana.Hovhannisyan says:

    Հարգելի´ Սերգեյ,
    Շնորհակալ եմ նկատառման համար: Անշուշտ, լեզուն հակված է պարզեցման, իսկ իմ գրած արտահայտությունը լեզվաբանական որևէ նվաճման արդյունք չէ, պարզապես դրա մասնակի-անհատական, ոճային մի դրսևորում:
    Ինքս գիտեմ, որ «ի ցավոք սրտի» արտահայտություն, որպես այդպիսին, չկա, բայց նկատի առնելով գրաբարյան «ի» ցուցչի գործառնական նշանակությունները` գրիս «մի փոքր ազատություն» եմ տվել, ոչ ավելի:
    (Ձեր թույլտվությամբ` կցանկանայի Ձեր գրվածքում նկատածս երկու վրիպակի մասին նշել. որպես կանոն` կոչականի կետադրության ժամանակ, թե այն կիրառվում է որոշչի հետ, շեշտը դրվում է դրա վրա; նախադաս դերբայական դարձվածի դեպքում դրվում է «`» և ոչ` «,»:)

Թողնել կարծիք

*