Home » Ուսումնական » Բա´վ է արդեն…

Բա´վ է արդեն…

Հարգելի´ ընթերցող,
Ցանկանում եմ անդրադառնալ մի խնդրի, որը վերջին շրջանում բավական հաճախակի է արծարծվում: Խոսքը վերաբերում է շատերիս կողմից առաջ քաշված (մասնավորապես, Խաչիկ Գևորգյանի), անդադար կրկնվող «հայերենը հայատառ գրեք» պահանջին:
Մեզանից շատերը շատ անլուրջ են մոտենում խնդրին, որն անտեսելը, իմ խորին համոզմամբ, շատ ավելի լուրջ փաստերի առաջ է կանգնեցնելու մեզ: Առանձին անհատների, էլ չեմ ասում «հայկական, հայրենասիրական» շատ խմբերի կողմից այս սխալը կրկնվում է անդադար: Ինձ արդեն զայրացնում են «դե ի՞նչ կարևոր ա, հայատառ, թե լատինատառ», կամ` «կարևորը ճիշտ շարադրվի…», կամ ավելի վատ` «ինչի՞ հետևից եք ընկել… » արտահայտությունները:
Եթե կարևորը ճիշտ շարադրանքն է լոկ, էլ ինչի՞ մասին ենք մտածում, էլ ո՞ւմ կամ ինչի՞ ենք սպասում: Եկե´ք մեր իսկ «փորձառու» ձեռքերով պատրաստենք այս «շիլա-փլավը», նրանց գործուն մասնակցությամբ ամեն ինչ ավելի խառնենք իրար` մոտավորապես բաբելոնյան մոտիվներով. «Ասենք` հայատառ շարադրենք ֆրանսերեն, գերմաներեն… տեքստեր, ինչո՞ւ ո´չ` արաբատառ գրենք հայերեն նամակներ…չէ՞ որ կարևորը ճիշտ շարադրանքն է, կարևորը, միտքը ստույգ լինի, գրագետ գրված լինի, ինչի՞ հետևից ենք ընկել, ինչո՞ւ ծանրաբեռնենք մեզ ավելորդ ստորակետներով, բութերով, էլ չասած` ը/ն հոդերի խնդիրներով. բա արժի՞ նման խնդիրների շուրջ խոսել անգամ, խոսելը հերիք չէ, առանձին անդրադառնալ դրան, հետո էլ` բարձրաձայնել այդ մասին…»:
Պատկերացնում եմ, շատերդ հիմա կմտածեք` «մենք ո՞ւր ենք մտքերի այս ծովում, դու` ո˜ւր…» (Սաադիից):
Ընկերնե´ր, բա´վ է արդեն, բա´վ …
Հայատառ չգրելը հնարավոր է հասկանալ, եթե կա ֆոնտերի հետ կապված խնդիր: Մնացած բոլոր դեպքերում, սա աններելի եմ համարում: Բացատրեմ` ինչու:
Երբ մարդ գրում է լատինատառ, անկախ իր կամքից, ենթագիտակցորեն «ազատություն է տալիս իրեն»` չհետևելով ճիշտ շարադրանքին, կետադրությանը և այլն, այլն… Սա բնական պրոցես է, որին այդ պահին ինքներս էլ ուշադրություն չենք դարձնում: Բայց այս «բնական պրոցեսը» աստիճանաբար հանգեցնում է լեզվի աղավաղմանը: Իսկ երբ գրում ենք հայատառ, ապա լեզուն պարտավորեցնում է մեզ ճիշտ շարադրել:
Անընդհատ սիրում ենք ասել` «մեր լեզուն ուրիշ է, հին է, հարուստ է…», բայց այս հնավանդ լեզուն հարկավոր է ՊԱՀՊԱՆԵ´Լ:
Հետո խոսում են անգրագիտությունից, սխալ շարադրանքներից… Այս ամենի ակունքները պետք է գտնել և արմատախիլ անել: Ես չեմ ընդունում « կարևորը ճիշտ շարադրվի» և վերը հիշատակածս մյուս բոլոր պատճառաբանությունները. եթե գրվածքը հայատառ չէ, հետևաբար, դրա շարադրանքն էլ չի կարող ճիշտ լինել:
Առաջին հայացքից ոչ այնքան լուրջ այս պահանջն իրականում շատ վտանգածին է: Հորդորում եմ բոլորիդ, մի´ անտեսեք այն, յուրաքանչյուրդ ձեր ուժերի ներածին չափով պայքարե´ք…
Ափսոս է ՀԱՅԵՐԵՆԸ…Թո´ւյլ չտանք, որ այն կորցնի իր հմայքը և աշխարհիս լավագույն լեզուներից մեկը (ինձ համար, գոնե, լավագույնը) լինելու արժանի անունը:

14 կարծիք >> " Բա´վ է արդեն… "

  1. Ահարոն says:

    Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ, հարգելի Դիանա: Այո, հայը պետք է գրի միայան հայերեն, գոնե հայկական կայքում: Դեռ ոչինչ, որ խոսքի մեջ անընդհատ ասուն են ok, bay, пока ու նման բազմաթիվ այլ արտահայտություններ: Կամ ասենք “դե լավԱ ապե, ուրդէ ես, գալըմ եմ, ինչԱ էլե” և այլն: Ախր ինչու “Ա” և ոչ թե “Է”: Ինչու խոսալւց բերանը ծամածռել, օտարածին բառերով պղտորելմեր մաքուր լեզուն: Հումբոլդն ասել է. “Լեզուն մեր տունն է, մաքուր պահենք մեր տունը”: Իմչու օգտվել լատինատառ այբուբենից, երբ կա մեր գեղեցիկ, հիասքանչ, շատ ճկուն ու հարուստ հայերենը: Կարդալով Հումբոլդի միտքը` ինքներդ որոշեք, հարգելիներս, թե ինչպես վարվեք մեր լեզվի հետ: Սիրենք մեր լեզուն, մաքուր պահենք այն` ինչպես մեր տւնը պահպանենք և նորոգենք այն: Շնորհակալ եմ Ձեզանից հարգելի Դիանա հետարքիր և հրատապ թեմա արծարծելու համար:

  2. ArmGenocideAvenger says:

    Կարծում եմ տառատեսակների (գեղեցիկ բառ է. եկեք այսուհետ օգտագործենք font օտար բառի փոխարեն, քանի որ խոսք գնաց ոսկեղենիկ հայերենի անսպառ հնարավությունների և անբնական հմայքի մասին) խնդիրը համակարգչային ամենահեշտ լուծվող խնդիրներից է: Նրանց, ովքեր մի քիչ դժվար են <> հասարակական առաջընթացի մերօրյա գլխավոր <>` համակարգչի հետ, կարող եմ տալ մի քանի խորհուրդ.
    1. Ձեր համակարգչում հայերեն տառատեսակներ տեղակայելու համար հարկավոր է դրանք պարզապես պատճենել այստեղ` C:\WINDOWS\Fonts:
    2. որպեսզի համացանցում Ձեր <> հայատառ գրությունը իր սկզբնական տեսքով տեսանելի լինի նաև մյուսներին, հարկավոր է գործարկել պայմանանշանների կոդավորման KDWin Keyboard Driver ծրագիրն (եթե կարգավորված չէ Ձեր համակարգչում, ապա Google որոնողական համակարգի որոնման տողում պարզապես մուտքագրեք KDWin, և Ձեր առջև կբացվի ընտրության լայն հնարավորություն. մնում է միայն բեռանավորել և կարգավորել) ու նրանում ընտրել Armenian Phonetic Unicode համակարգը: Ահա և վերջ…այժմ ամեն ինչ պատրաստ է հայերեն մտածված մտքերը նաև հայատառ մուտքագրելու և մայրենի լեզվի փայլուն իմացությամբ մյուսներին զարմացնելու համար:

    Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս,
    Առնական է, կոպիտ, բայց միևնույն պահին
    Պայծառ է նա, որպես մշտաբորբոք փարոս,
    Վառված հրով անշեջ դարերում հին։

    Իսկ բլոգի ադմինիստրացիային կոչ կանեի հայատառ գրելը դարձնել նախապայման և կանոն ներբլոգային մեկնաբանությունների համար, ինչպես որ այս կայքում է` http://arabist.do.am:

  3. Հարգելի Ահարոն, խոսքը միայն հայերեն գրելու մասին չէ, այլ՝ հայերենը հայատառ գրելու։

    Արևելագիտական այս կայքում ու բազմաթիվ այլ տեղեր հայատառ գրելը օրենք է շատ վաղուց։

  4. Diana.Hovhannisyan says:

    Հարգելի´ ընկերներ,
    Շնորհակալ եմ նաև ես:
    Գիտեմ, սա մեկ օրվա լուծվելիք խնդիր չէ, բայց խնդրի լուծման համար հարկավոր է հետևողականորեն աշխատել. ի վերջո, մարդիկ պետք է հասկանան խնդրի լրջությունը և չհամառեն:
    …Մեր մայրենի լեզուն ազգային պարտեզի վարդն է, առանց նրա մենք չունենք հրապույր, առանց մայրենի լեզվի մենք համարյա մեռած ենք: Սիրանույշ

  5. Վահան Մ.Վ. says:

    Հարց բոլորին. Իսկ ինչ’պես վարվեն հեռախոսով գրողները: (ասեմ որ, ես հիմա գրում եմ հեռախոսով):

  6. Diana.Hovhannisyan says:

    Հարգելի´ Վահան,
    Պարզապես թող չգրեն, իսկ եթե արտահայտվելու ցանկությունն իսկապես մեծ է, ելք կգտնվի (ինչպես ինքներդ եք ելք գտել):
    Ամբողջ խնդիրն այն է, որ մեր հայրենակիցներից շատերը համառում են, նույնիսկ հնարավորությունների առկայության դեպքում, հրաժարվում դրանցից:
    Եվ ի՞նչ ենք ունենում արդյունքում. «Խնդիրը սկզբնավորվում է կայքերում, բայց, ցավոք, չի ավարտվում դրա իսկ սահմաններում, այլ շարունակ տարածվում է` ընդգրկելով նորանոր ոլորտներ` ընդհուպ մինչև տարատեսակ զեկուցագրեր, ուղերձներ…»: (Խոսքը վերաբերում է լատինատառի ազդեցությամբ գրված հայատառ շարադրանքներին, ինչն ամենասարսափելին է, կարծում եմ:)

  7. Վահան Մ.Վ. says:

    Այդ հարցում ես լրիվ համամիտ եմ ձեզ հետ, նման օրինակների ականատես եղել եմ, և ինձ վրա էլ զգացել եմ այդ փոփոխությունը (ինչն էլ ստիպեց ինձ հեռախոսին ‘համոզել’, որ հայերեն գրի):

    Ես ավելի ուժեղ զգացի հայերենը հայատառ գրելու անհրաժեշտությունը, երբ մեր ընկերության փաստաթղթերից մեկի վրա տեսա “Նոմեռ 5″ գրվածքը, ակամա առաջացած ծիծաղը արագ փոխարինվեց լրջությամբ, երբ հասկացա մի պարզ բան. ինչու պետք է աղավաղված ռուսերենը ծիծաղի պատճառ դառնա, իսկ աղավաղված հայերենը հանգիստ ընդունվի:

  8. Diana.Hovhannisyan says:

    Հարգելի´ Վահան,
    Իսկապես ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր հասկանում են խնդրո իրական լրջությունը, դրա կործանարար հետևանքները և կիսում մտայնություններս:
    Չեմ ուզում կրկնվել, բայց չեմ էլ կարող լռել: Ամեն անգամ մեծ ցավ եմ ապրում, երբ անընդհատ հանդիպող գրվածքները մի պահ մտովի վերաշարադրում եմ հայերեն. այդտեղ արդեն խոսք անգամ չի´ կարող լինել ՀԱՅԵՐԵՆԻ մասին…
    Հարկավոր է հասկացնել ու բացատրել նաև ուրիշներին, քանի դեռ այդ սովորությունը քայլ առ քայլ իր տրամաբանական հանգուցալուծմանը չի հասցրել մեզ և կանգնեցրել փակուղու առաջ:

  9. Սարգիս says:

    Դիան ջան, շատ լավ էս գրել, իրոք արդիական խնդիր ա: Իսկ ինչ վերաբերվում ա նրան, թե ասում ենք ա կամ է բառի վերջում, հիմա խոսակցական լեզուն ունի իր կանոնները ինչ արած: Ես բնավ չեմ ասում խոսենք ու գրենք փողոցային ժարգոնով:)))))))

  10. Diana.Hovhannisyan says:

    Շնորհակալ եմ, Սաք ջան:
    Հասկանում եմ` ինչ նկատի ունես: Խոսակցականին, իհարկե, դեմ չեմ, բայց այն էլ իր հերթին ունի իր սահմանները, որոնք հաճախ մեզանից շատերը անխղճորեն անցնում են:
    Մեր հասարակության մեջ խոսակցական-ժարգոն-անգրագիտություն եզրերը շատ հաճախ խառնվում են միմյանց ու վերջում ունենում ենք այն, ինչ ունենք արդեն:
    Մի խոսքով` «Պահպանե´նք մեր մայրենին»:

  11. Artak says:

    հարգելի Վահան, եթե հեռախոսի օպերացիոն համակարգը windows mobile – է, կարող էք հետևյալ հղման տակ կարդալ հեռախոսով հայատառ գրելու ձևը http://lavash.gratun.am/2010/06/armenian-keyboard-on-windows-mobile.html

  12. Ահարոն says:

    Սաք ջան ես հասկացա քո գրածը` կապված “ա”-ի կամ “Է”-հետ: Դա ես եմ գրել)))))) Դիանան ամեն ինչ ասել է, ես կարծես թե ել ավելացնելւ բան չունեմ: Ուղղակի կասեմո, որ խոսակցական ել կա, խոսակցական էլ…..

  13. Diana.Hovhannisyan says:

    Ընկերնե´ր,
    Գոնե մենք կամաց-կամաց սկսում ենք ավելի լավ հասկանալ միմյանց: Շա´տ լավ է: Պե´տք է աշխատենք նաև ուրիշներին բացատրել:
    Չնայած ես համոզված եմ, որ շատերը հոդվածը ձևականության մի դրսևորում են համարելու, արձագանքելով մոտավորապես այսպես` «էլ բան չկա՞ր գրելու, է՞ս ինչ ձևերի հետևից ա ընկել…» :
    Բայց սա ինձ չի հուզում: Թո´ղ ասեն ինչ կուզեն: Պետք է վե´րջ տրվի այս ամենին:
    Եթե խնդիրը միայն ա/է -ին վերաբերեր, մենք բավական երջանիկ կլինեինք. ես այդ համարում եմ չարյաց փոքրագույնը միայն: Թե´ խոսակցականը, թե´ բարբառները ես լիովին ընդունում եմ. դրանք մեր լեզվի հարստությունն են և պետք է պահպանվեն: Պարզապես թույլատրելիի սահմանները մենք չենք ջանում պահպանել: Հեռու չգնանք. տեսնում ենք` այդ «խոսակցական լեզուն»` իր տարատեսակ դրսևորումներով ինչ «զանգվածային հրաշքներ է գործում» հեռուստաընկերություններում…
    Իսկ վերջում հավելեմ Պ. Սևակի խոսքերը.
    «…Մեր նախնիները մեզ և աշխարհին փոքր ժառանգություն չեն կտակել: Բայց մենք պիտի հասկանանք և հասկանալով չմոռանանք երբեք, որ մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է: Գալով անհիշելի ժամանակներից, անցնելով բազում դարերի միջով, շփվելով բազում ազգերի լեզուներին` հայոց լեզուն մի յուրահատուկ հանրագիտարան է անհիշելի ժամանակների, բազում դարերի և բազմաթիվ ազգերի: Այսպես դատելով` մեր լեզուն միայն մեզ չի պատկանում, այլ աշխարհին. նա միայն մեր սրբությունը չէ, այլ մասունքը հանուր մարդկության…Այս լեզվի խնամքը, նրա անաղարտությունը դրված է մեզ վրա»:

  14. ՍԱՐԳԻՍ says:

    Ողջույն բոլորին:
    Հավանաբար ճիշտ ընրություն եմ կատարել՝ որոշելով այստեղ տեղադրել այն հասցեն, որտեղ պախարակվում է հայերենը: Խնդրանքս մեկն է՝ սաստել կայքի ղեկավարին՝ վերացնելու ցինիզմը հայերեն լեզվի հանդեպ: Շնորհակալություն:
    http://www.copypaste.am/2011/02/01/չգործածվող-հայերեն-բառեր-ու-ծիծաղելի/comment-page-1/#comment-16165

Թողնել կարծիք

*